Սույն թվականի հունվարի 5 -ին shamshyan.com կայքը տեղեկատվություն է հրապարակել Մարտունու բժշկական կենտրոնում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որը լայն արձագանք է ստացել, բայց չի արտացոլում իրական պատկերը: Մասնավորապես.

• Ըստ shamshyan.com կայքի` մեջբերում հրապարակումից՝ <<Մարտունու բժշկական կենտրոնում 11֊րդ դասարանի աշակերտուհու մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ >>, սակայն Գեղարքունիքի մարզի​ Մարտունու քննչական կոմիտեն սպանություն հատկանիշներով վարույթ չի նախաձեռնել։

• Shamshyan.com կայքի նույն հոդվածում նշվում է ,​ որ <<Ըստ հիվանդանոցի հայտնածի` մահվան պատճառը եղել է հանկարծամահությունը>>։ Պաշտոնապես հայտնում ենք, որ բժշկական կենտրոնը նման տեղեկատվություն չի տրամադրել։

Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտ ենք համարում թույլատրելիի սահմաններում հանրությանն իրազեկել դեպքի վերաբերյալ.

Սույն թվականի հունվարի 2֊ին, ժամը 03։30֊ի սահմաններում, քաղաքացին Վարդենիսի բժշկական կենտրոնից շտապ օգնության բրիգադով   տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, ծայրահեղ ծանր​ շոկային վիճակում: Ընդունարանից անհետաձգելի կարգով տեղափոխվել է վիրասրահ, երեք​ րոպե անց պացիենտի մոտ գրանցվել է սրտի կանգ: Անմիջապես ծավալվել են վերակենդանացման միջոցառումներ, որի​ արդյունքում հնարավոր է եղել վերականգնել սրտի ռիթմը և իրականացնել վիրահատություն:

Վիրահատությունը տևել է շուրջ 5 ժամ, որի ընթացքում հիվանդի վիճակը եղել է ծայրահեղ ծանր՝ սրտի ռիթմի տարատեսակ խանգարումներով և սրտի կանգի էպիզոդներով: Բժշկական միջոցառումները կատարվել են ուղեցուցային (պրոտոկոլային) կարգով, սակայն վիրահատության ընթացքում արդեն իսկ դիտվել է բազամաօրգանային անբավարարություն, որի արդյունքում վիրահատությունից կարճ ժամանակ անց կրկին անգամ հիվանդի մոտ գրանցվել է սրտի կանգ: Կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, սակայն դժբախտաբար հիվանդի կյանքը փրկել չհաջողվեց:

Մարտունու բժշկական կենտրոնի անձնակազմը ցավակցում է հարազատներին, կիսում​ նրանց վիշտը, քանզի յուրաքանչյուր կորուստ իր անջնջելի հետքն է թողնում յուրաքանչյուրիս​ հոգում:

Միևնույն ժամանակ կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշտված, խեղաթյուրված կամ անհիմն տեղեկություններ տարածելուց։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն