Անպտղություն ունեցող կանայք այսուհետ բուժման ընթացքում փողի մասին մտածելու կարիք չեն ունենա։ Անպտղության հաղթահարման պետական ծրագրում իրականացրած փոփոխությունների շրջանակում հանրապետության 5 բուժհաստատություններ անվճար բժշկական ծառայություններ կմատուցեն երեխա ունենալ ցանկացող կանանց։

«Ծրագրում ներառվել են մինչև 36 տարեկան 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ բոլոր կանայք՝ անկախ նրանց կարգավիճակից և բնակավայրից: Նախկինում սա վերաբերում էր միայն սահմանամերձ շրջաններում բնակվողներին, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, սոցանապահովներին և հաշմանդամություն ունեցող կանանց: Այս բոլոր խմբերը վերացել են»,- ասում է առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայան



Այս խմբին պատկանող կանանց համար անվճար կլինի ողջ գործընթացը՝ անպտղության պատճառագիտության որոշումը ու բուժումը, մինչև արհեստական սերմնավորումը և բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտությունները, ներարգանդային սերմնավորման փորձերը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը՝ 100 տոկոս ֆինանսավորմամբ։ Ձախողելու դեպքում երկրորդ փորձը հնարավոր է իրականացնել պետության 50 տոկոս մասնակցությամբ:

«Սահմանվել է նաև երկրորդ խումբ՝ 36-42 տարեկան կանանց համար: Նրանց համար փաթեթը ներառում է միայն սերմնավորման փորձերը: 2-րդ խմբի դեպքում հետազոտությունները անվճար չեն, որովհետև ենթադելի է, որ այս խմբի դեպքում պարտադիր չի, որ անպտղություն լինի, պարզապես այն կանայք են, որոնք ցանկանում են երեխա ունենալ ու պարտադիր չի, որ նրանք ունենան անպտղություն»։

Ծրագրի ընդլայնումը ներառել է նաև երկրորդային անպտղություն ունեցող զույգերին։ Խոսքը 20-36 տարեկան ամուսնության վկայական ունեցող այն զույգերի մասին է, որոնք առնվազն մեկ տարի ապրում են սահմանամերձ բնակավայրերում և արդեն ունեն մեկ երեխա։ Այս խմբի համար անվճար է անպտղության պատճառագիտության որոշումը, ներարգանդային սերմնավորումը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը։

«Շահառուն նախ պետք է ընտրի կլինիկան, որտեղ ցանկանում է ստանալ բուժօգնությունը, դիմի կլինիկա, իսկ մնացած գործողությոյւնները կատարվում են կլինիկայի ու նախարարության միջև։ Կլինիկայում ձևավորված հանձնաժողովը որոշում է քաղաքացու կարիքները, և եթե արտամարմնային բեղմնավորման կարիք կա, կլինիկան արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստում է, ուղարկում է նախարարություն, նախարարությունում հրաման է տրվում և գործընթացը շարունակվում է»։

Այս պահին պետպատվերը գործում է Շենգավիթ, Աստղիկ բժշկական կենտրոններում, Մոր և մանկան գիտահետազոտական ինստիտուտում, որն ավելի հայտնի է որպես Մարգարյան հիվանդանոց, «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության կենտրոնում և Հանրապետական ծննդատանը: Նանա Փաշայանը նշում է նաև՝ եթե քաղաքացին դիմել է մինչև 36 տարեկան դառնալը, ապա նա կպահպանի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը, այսինքն՝ ուշանալու մտքից անհանգստանալու կարիք ևս չկա։

Որոշ բժիշկներ, սակայն, կարծում են, որ ֆինանսավորումն ավելի արդյունավետ, բարեխիղճ ու «ոչ անխնա» օտնագործելու տարբերակ կա։ Բժիշկ Վահան Վարդապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Միջազգային ցուցանիշների համաձայն, անպտղությամբ տառապող զույգերի միայն 5%-ը կարիք ունի արտամարմնային բեղմնավորման և այլ օժանդակ տեխնոլոգիաների կիրառման։ Մնացած դեպքերում անհրաժեշտ է հետազոտման և բուժման այլ մեթոդների կիրառում (ձվազատման խթանում, նյարդաէնդոկրին ախտաբանությունների կարգավորում, ամուսնական գործոնի ոչ խոր շեղումների վերացում և այլն)։ Պետք է ֆինանսավորել ոչ թե բուժման մեթոդը, այլ շահառուներին, որպեսզի պետական հովանավորությունից չզրկվեն շատ ավելի մեծաքանակ անպտուղ զույգեր, կամ էլ այդ ծառայությունից օգտվելու համար հարկադրված չլինեն «ենթարկվելու» արտամարմնային բեղմնավորման»։

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ Հայաստանում շատ են այն զույգերը, որոնք երեխա չունեն միայն գումար չունենալու պատճառով։ Այս ծրագիրը, բժշկի որակմամբ, բացառապես օգտակար է կնոջ առողջության ու Հայաստանի բնակչության զարգացման տեսնանկյունից։ Իսկ բուժման այլ տարբերակների դիմելու մասին մտահոգությանն ի պատասխան նշում է․

«Եթե կարդում ենք կառավարության որոշումը, ասում է՝ 25-35 ներառյալ տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող 2 տարի և ավելի անպտղություն ունեցող կանանց կտրամադրվի ամբողջական փաթեթ։ Այսինքն՝ մենք չենք խոսում այն մասին, որ զույգը ամուսնացավ ու մի շաբաթ հետո եկավ-ասեց՝ ես ուզում եմ  էկո անեմ։ Խոսքը վերաբերում է նրան, որ մարդիկ 2 և ավել տարի փորձել են ու չի ստացվում, ձեր նշած բոլոր մեթոդների միջով արդեն անցել են․․․ դուք ինձ կարո՞ղ եք ասել՝ ինչքան պետք է սպասեինք, 5-10-40 տարի՞»։

Արդյո՞ք պետությունը պատրաստ է նման թանկարժեք ծրագրի իրականացմանը՝ նախարարության ներկայացուցիչը դրական պատասխան է տալիս։ Նանա Փաշայանն ասում է՝ բուժհաստատությունները ևս ծանրաբեռնվածության խնդիր  չունեն․

«Ոչ ոք առանց բուժօգնություն ստանալու չի մնա, քանի որ նույնիսկ այն պարագայում, եթե այս ֆինանսական տարվա ընթացքում չկարողանան բուժօգնություն տրամադրել, իրենք 2 տարի ունեն, որ ստանան բուժօգնությունը»։

Ծրագիրը մեկնարկել է 2019-ի սեպտեմբերից։ Մինչ այժմ 253 երեխա է ծնվել, միայն 2022-ին՝ 128-ը: Ծրագրի շահառու են նաև զոհված զինծառայողների ծնողները, որոնց համար տարիքային շեմը հանված է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն