Կտրոնային համակարգ, հովհարային անջատումներ, հետաձգված դասեր․ շրջափակում, օր 40-րդ
Ադրբեջանը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող գազատարը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու համար սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտի բնակելի տների, շրջանային գազալցակայանների և ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար: Արցախն ասել է առաջին անհրաժեծտության հինգ ապրանքների կտրոնով ձեռքբերման համակարգին։
Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցկացությունը կարգավորող պետական հանձնաժողովից հայտնում են, որ կտրոններով իրացվող ապրանքատեսակների վրա 15%-ից ավել վերադիրի կիրառումը Հանձնաժողովը դիտարկելու է որպես տնտեսավարող սուբյեկտների և սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքների խախտում։ Նման վարքագիծ դրսևորած տնտեսավարող սուբյեկտները Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելուց բացի, կզրկվեն նաև ապրանքների հետագա մատակարարումներից:
Արցախում առաջին անհրաժեշտության հինգ ապրանքներ գնելու կտրոնային համակարգը ներդրված է։ Բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը և ձեթը արցախցիները առևտրի կետերից ձեռք են բերում միայն կտրոնով։ Պարզաբանում է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ Գոհար Պողոսյանը․
«Վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ կա, որի դեպքում անձը կտրոնը ստանալուց հետո կարող է դիմել համապատասխան տնտեսվարող սուբյեկտին և կտրոնում նշված չափով ու նշված ժամկետներում ձեռքբերել ապրանքը»:
Կտրոնը ստանալու համար քաղաքացին անձնագրով մոտենում է համապատասխան տեղամասի սպասարկող օպերատորին։ Էլեկտրոնային հարթակում ստուգում են նրա տվյալները, ու եթե նույն տվյալներով կտրոն ստացող չի եղել, տրամադրում են այն: Յուրաքանչյուր քաղաքացու համար նախատեսված է 9 կտրոն։ Արցախի գյուղի ու գյուղատնտեսության աջակության հիմնադրամից տեղեկացնում են, որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա, որ այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։
Ավելորդ քաշքշուկից, կուտակումներից խուսափելու համար, հաշվի առնելով նաև դիզվառելիքի պակասը, ցանկալի է, որ մարդիկ գնումները կատարեն հենց իրենց համայնքի խանութներից։ Մեջբերում․
«Նշված ապրանքատեսակների քանակը, ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում, կբավականացնի բոլորին , ուստի խուճապի մատնվելու և անհարկի գնումներ կատարելու կարիք չկա»։
Բայց ադրբեջանցիների ստեղծած էներգետիկ ճգնաժամի պատճառով խնդիրներ են առաջացել ինչպես կտրոնների տրամադրման, այնպես էլ խանութներում վաճառքի հետ կապած։ Արցախի տեղեկատվական շտաբից պարբերաբար տեղեկացնում են սպասարկման գրաֆիկի մասին․
«Սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր ժամը 12-14-ն ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։ Տեղեկացնում ենք, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր ժամը 10-12:00-ն ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով»։
Արցախում պարենային խնդիրները լուծելու մեկ տարբերակ կա՝ պարենային անվտանգության հարցերի լուծում։ Բայց սա էլ կազմակերպելը հեշտ չէ, ավելին, ժամանկատար է։ Հատկապես, որ գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են դիզվառելիքի բացակայության պատճառով։ ԱՀ գւղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանի խոսքով, բանջարաբոստանային կուլտուրաների որոշակի սերմեր պահեստավորված են։ Եթե հաջողվի եղած ռեսուրսները ճիշտ օգտագործել, պարենային անվտանգության հարցերը կկարողանան լուծել։
«Մենակ կարող ենք շատ աշխատելով պարենի հարցը լուծել, որ նման խնդրի առաջ չկանգնենք»։
Էներգետիկ ճգնաժամն Արցախում ամեն օր ավելի ու ավելի է սրվում։ Հունվարի 9–ից էներգամատակարարումն այստեղ ապահովվում է ներքին ռեսրուրսների հաշվին։ Արդեն 11 օր է, ինչ վնասված է Հայաստանից Արցախ գանցող միակ բարձրավոլրտ էլեյտրագիծը։ Ադրբեջանը ոչ միայն թույլ չի տալիս մասնագետներին մոտենալ վթարված տեղամասին, այլ արդեն մի քանի օր է անջատել է նաև գազամատակարարումը։ Հունվարի 20-ի կեսօրին մասամբ բացեց գազատարը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու համար սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտի բնակելի տներին, շրջանային գազալցակայաններին և ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների:
Էներգետիկ ճգնաժամն այնքան է խորացել, որ պետական ձեռնարկությունների մի մասն անցել է հեռավար աշխատանքի, որ կարողանան հոսանք խնայել ու էներգահամակարգն ինչ-որ կերպ փրկել։ Բայց վթարներից խուսափել չի հաջողվում։
Դրանց պատճառների մասին «Արցախէներգոի» տնօրենի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը խոսել է Արցախի մեր գործընկերների հետ․
«Վթարների հիմնական պատճառը կախված է նրանից, որ բեռը միանգամից աճում է։ Այդ հաղորդալարերը , որ հոսանք են մատակարարում, հաշվարկված են ինչ որ ծավալի համար։ Բնական է, որ միանգամից ավելի շատ բեռնվածություն է ընկնում այդ մալուխների համ հաղորդալարերի վրա, բնական է, որ համակարգը չի դիմանում»։
Արդեն 40 օր է, ինչ Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատրվակով փակել են Արցախն աշխարհին կապող կյանքի ճանապարհը։ Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով պատանդ է պահում 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ, որոնք բազմաթիվ զրկանքներ են կրում և կանգնած են սովի ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6828 երեխա չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել, զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից: Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 117 դպրոցների աշխատանքը։ Գրեթե 20 հազար երեխա զրկվել է կրթություն ստանալու իրավունքից:



















