Մայիսի 19-ին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մայիսի 19-ին կհանդիպեն Մոսկվայում, եթե ոչինչ չփոխվի, այսօր լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Մինչ այդ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում մայիսի 14-ին։
«Ինչ-որ առումով Մոսկվայում կայանալիք հանդիպումը կլինի բրյուսելյան հանդիպման տրամաբանական շարունակությունը, բայց յուրաքանչյուր ձևաչափ ունի իր առանձնահատկությունները»,- ասել է փոխարտգործնախարարը։
Մեկնաբանելով Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի վերջին սադրանքը՝ փոխարտգործնախարարը նշել է, որ դա նորություն չէ, քանի որ Ադրբեջանը միշտ սադրանքների է դիմել ցանկացած բանակցություններից առաջ կամ հետո։
Ինչ վերաբերում է հունիսի 1-ին Քիշնևում սպասվող հնգակողմ հանդիպմանը, Պարույր Հովհաննիսյանն ասել է, որ ԵՄ ազդեցիկ անդամներ Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությունը միանշանակ դրական ներդրում կարող է լինել։