Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծում կատարվել են տեխնիկական փոփոխություններ: Այդ մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ տեղեկացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մայիսի 16-ի նիստում:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ կատարվել են նախորդ քննարկման ժամանակ առաջարկված տեխնիկական փոփոխությունները, որոնցով առաջարկվում է օրենքի նախագծի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետություն» բառերը, «միջազգային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «և այլ միջազգային կառույցների» բառերով: Կատարվել են նաև մի քանի խմբագրական փոփոխություններ:
Առաջարկվում է նաև 4-րդ հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ՝ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում»:
Նշենք, որ օրենքում նախատեսվող փոփոխություններից մեկով առաջարկվում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ ներառել նաև ՀՀ փոխվարչապետների հրավերով մեր երկիր ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները:
ԱԺ պատգամավոր, հարակից զեկուցող Լենա Նազարյանն առաջարկել է նախագիծը քվեարկության դնել արդեն ընդունված փոփոխություններով:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: