Աշխարհի 400 լավագույն բուհերի շրջանավարտների աշխատավարձը մասամբ կսուբսիդավորվի, եթե նրանք աշխատեն հայկական ընկերություններում
Համաշխարհային բուհական վարկանիշում ընդգրկված 400 լավագույն բուհերի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու դեպքում պետությունը նրանց աշխատավարձի որոշակի սուբսիդավորում կկատարի: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին մանրամասնել սուբսիդավորման չափերը:
«20 տոկոսով սուբսիդավորում ենք, եթե մարդը, որն ընդունվում է աշխատանքի, ավարտել է 400 լավագույն համալսարաններից մեկը կամ մի քանի տարվա աշխատանքային փորձ ունի առաջնակարգ ընկերություններում»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ որևիցե սահմանափակում չկա, թե ինչ ազգության է մասնագետը. «Եթե հայ է, լավ է, եթե հայ չէ, էլի նույնքան լավ է, էլի ոչ մի խնդիր չկա»:
Ըստ Քերոբյանի՝ սրանով նպատակ կա ընկերություններում ներգրավվել բարձրակարգ մասնագետների, որոնք իրենց հետ կբերեն միջազգային փորձ ու գիտելիքներ:
«50 տոկոս սուբսիդավորում ենք այն մարդկանց, որոնք, բավարարելով 400 բուհերն ավարտելու պայմանը, նաև ունեն դոկտորական աստիճան (PHD)»,- ասաց նա, ապա նշեց, որ այս պարագայում նպատակը գիտնականներին հայկական ընկերություններում աշխատանքի ընդունելն է:
«Գիտեք՝ վերջերս հրապարակված «Գլոբալ ինովեյշն» ինդեքսում բացահայտվել էր, որ հայկական ընկերությունները շատ քիչ են գիտություն օգտագործում իրենց ապրանքներում, և մեր խնդիրն է ավելացնել գիտության մասնաբաժինը մեր արդյունաբերության, մեր բիզնեսի մեջ»,- ասաց Քերոբյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ պետությունը 70 տոկոսով կսուբսիդավորի հայկական ընկերություններում աշխատանքի անցած 400 լավագույն բուհերի այն շրջանավարտների աշխատավարձը, որոնք դասավանդում են համալսարաններում և կրթական հաստատություններում: Ըստ Քերոբյանի՝ բարձր որակավորում ունեցող մոտ 300 մասնագետի աշխատավարձի սուբսիդավորման հայտ արդեն հաստատվել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ պետք է նմանատիպ ծրագրերի մասին իրազեկել, քանի որ աշխատավարձի սուբսիդավորման որոշումը լուրջ ներդրում է ընկերությունների և երկրի զարգացման գործում: