Զորքերի հայելային հետքաշումն ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները
Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզներով ամրագրված սահմանագծից զորքերի հայելային հետ քաշման վերաբերյալ, որը մեր կարծիքով այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում, այսօր լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև ասել է, որ զորքերի հայելային հետքաշումն ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները, այն առանձին գործընթաց է և սահմանային իրադրությունը կայունացնելու մասին է։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշման, ապա որևէ տեղաշարժ չի արձանագրվել․ «Ոչ մի գաղտնիք չկա, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ռազմական ճնշումների միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցություններում, բայց միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ այն միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների խախտում է»։
Նա նաև ասել է, որ 1975 թվականի քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա սահմանագծման աշխատանքների համար, որովհետև դա է ենթադրում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ: