«Եթե որևէ մեկն ինձ սիրահարվում էր, ծնողներն ասում էին՝ «ամուսնացած- բաժանված է, երեխա ունի»». Մարիամ Դավթյան
«Իրար շատ էինք սիրում, բայց կենցաղը և փոքր տարիքում ինքնուրույն չլինելն իմ կարծիքով պատճառ դարձավ, որ մենք չկարողացանք միասին ապրել:
Եթե ավելի մեծ տարիքում լինեինք ու ավելի ինքնուրույն, միգուցե կկարողանայինք պահպանել մեր ընտանիքը: Դժվար էր բաժանվելը, բայց այդ սերը, որն ինձ ամուր պահում էր ու նույնիսկ դեմ էի գնացել իմ ընտանիքին՝ այլևս չկար:
Բարդություններ կար ավելի շատ դստերս հետ, որովհետև նա բացարձակ չէր ուզում ընդունել, որ մենք բաժանվել ենք: Լացում էր, շատ ծանր էր տանում, փորձում էր այնպես անել, որ մենք միանանք:
Իմ նախկին ամուսինն ունի ընտանիք, 3 երեխա՝ 2 դուստր և 1 տղա: Տղան, երբ եկավ Հայաստան, մեզ հյուր եկավ:
Հետո այնպես ստացվեց, որ նախկին ամուսինս ու դուստրս միևնույն ժամանակ եկան Հայաստան ու մենք հանդիպեցինք տարիներ անց, շատ հուզիչ էր: Հիմա շատ լավ հարաբերություններ ունենք, շփվում ենք, հանդիպում ենք:
Ես փոշմանում եմ, որ իմ անձնական կյանքը չի դասավորվել այնպես, ինչպես պետք է դասավորվեր: Անընդհատ ինքս ինձ արդարացումներ էի փնտրում:
Ասում էի՝ ինձ պետք չէ ընտանիք, բայց իրականում ոնց կարող է մարդը չուզենա, որ իր կողքին լինի կողակից: Եթե որևէ մեկն ինձ սիրահարվում էր, ծնողներն ասում էին՝ «ո՞նց, ամուսնացած, բաժանված է, երեխա ունի»:
Միանգամից այդ զրույցները տեղի էին ունենում, որ պետք չէ:
Ինչ-որ տեղ հասկանում եմ, որովհետև, եթե ես տղա ունենայի և այդ տարիքում ցանկանար ամուսնանալ ամուսնալուծված կնոջ հետ, չգիտեմ՝ իմ արձագանքն ինչպիսին կլիներ:
Բարդությունը դրա մեջ էր, չէր ստացվում ինձ մոտ ամուսնանալ մեկի հետ, ով ինձ սիրում էր ու ես էի համակրում, որովհետև կային խոչընդոտներ»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով ամուսնալուծության ու անձնական կյանքի մասին, անկեղծացել է դերասանուհի Մարիամ Դավթյանը: