Այսօր ՝ փետրվարի 28-ին, մեր մեծանուն հայերից մեկի՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՀԳԱԱ ակադեմիկոս՝ հայ կերպարվեստի նոր շրջանի ռահվիրան, գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան տարեդարձի օրն է:

«Մարդն ինքը բնությունն է, բնությունը` մարդը:                                                                       Մահ չկա´: Մահը պրոցես է լոկ անվերջության ճանապարհին»:

Մ. Սարյան

Մարտիրոս Սարյանի ստեղծագործական ուղին ընդգրկում է ավելի քան 80 տարի: Վարպետի արվեստը բազմաժանր է և բազմաբնույթ: Նա աշխատել է որպես գեղանկարիչ, գրաֆիկ, ստեղծել է գրքային նկարազարդումներ, թատերական ձևավորումներ, մեծադիր պաննոներ: Սարյանի աշխատանքների ընդհանուր թիվն անցնում է 4000-ը:

Մարտիրոս Սարյանը տասնամյակներ շարունակ եղել է ոչ միայն հայ գեղանկարչության առաջատարը Հայաստանում, այլև XX դարի ամենանշանավոր գեղանկարիչներից մեկը, որի գործերը այսօր էլ ցուցադրվում են աշխարհի լավագույն թանգարաններում:

Մարտիրոս Սարյանի արվեստում մեծ տեղ են զբաղեցնում հայրենի բնապատկերները։ Իր աշխատանքներում նկարիչն առանձնահատուկ սիրով և ոգևորությամբ գովերգում է հայկական բնաշխարհը՝ յուրովի բացահայտելով դրա անսպառ հմայքի առեղծվածը:

1923 թվականին նա վրձնել է «Հայաստան» կտավը, որը յուրօրինակ ձոն է հայրենի երկրին։ Ինքնատիպ գեղանկարչական լեզվով արված այս ստեղծագործությունն առանձնանում է իր մոնումենտալությամբ: Օդի, լույսի, գույնի կախարդիչ ներդաշնակությամբ նկարիչը ստեղծել է Հայաստանի հավաքական կերպարը. Արարատը, Արագածը, Գեղարդի եկեղեցին, Արաքս գետը և քոչարի պարող մարդիկ առանձնակի երանգ են հաղորդում կտավին:

Հայրենի բնանկարների առնչությամբ Սարյանն ասել է. «Ուզում եմ աշխարհին ցույց տալ, որ այս մի կտոր ժայռեղեն հողը իրականում գոյություն ունի»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ