Ճապոնիայում ստեղծել են ակադեմիական տեքստերի հեղինակությունը որոշող ԱԲ համակարգ
Ճապոնական Valar Intelligence ստարտափը, որը տեղակայված է Օսակայում, ստեղծել է արհեստական բանականության վրա հիմնված համակարգ, որը վերլուծում է ակադեմիական աշխատանքները և որոշում, թե արդյոք դրանք գրվել են մարդու կողմից, թե արհեստական բանականության կիրառմամբ, գրում է Kyodo-ն։
Ընկերությունը հույս ունի տեխնոլոգիան ներդնել կրթական հաստատություններում։
Puddin AI անունով համակարգը պահանջում է, որ օգտատերերը տեքստերը գրեն և հանձնեն անմիջապես իր հարթակի միջոցով։ Համակարգի հեղինակների տվյալներով, դա թույլ է տալիս հետևել աշխատանքի ստեղծման ընթացքին և ոչ թե միայն վերջնական արդյունքին։
Ներկայումս համակարգը փորձարկվում է Կյուսյուի համալսարանում՝ ուսումնական դասընթացների շրջանակում, իսկ մի քանի տասնյակ այլ համալսարաններ դիտարկում են դրա ներդրման հնարավորությունը։
Ալգորիթմը ֆիքսում է գրելու գործընթացի պարամետրերը՝ աշխատանքի մեկնարկի ժամանակը, տեքստի մուտքագրման արագությունը և խմբագրումների կատարման հաջորդականությունը։ Ստուգման ընթացքում համակարգը գնահատում է տեքստի այսպես կոչված «մարդկայնությունը» մոտ 200 չափանիշով, ներառյալ բնորոշ ուղղագրական սխալները, դադարները և տեքստ ստեղծելու համար սովորաբար պահանջվող ժամանակը։
Եթե աշխատանքի մեջ տեղադրվում է պատրաստի գեներացված տեքստ, համակարգը ֆիքսում է գրելու ժամանակի կտրուկ կրճատումը և կարող է աշխատանքը դասակարգել որպես ԱԲ-ի օգնությամբ ստեղծված։
Ստուգման արդյունքը բաժանվում է երեք կատեգորիայի՝ «ԱԲ», «ԱԲ-ի աջակցությամբ» և «գրված է մարդու կողմից»։ Համակարգը գործում է ճապոներենով, անգլերենով և ևս մի քանի լեզուներով և կարող է կիրառվել ուսանողական առաջադրանքների, գիտական հրապարակումների և կորպորատիվ փաստաթղթերի վերլուծության համար։
Կյուսյուի համալսարանի էներգետիկ տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Էնդրյու Ջոն Չապմանը նշել է, որ համակարգը կարող է օգնել ապահովել ուսանողական աշխատանքների ավելի ազնիվ գնահատում։
«Ես ուզում եմ, որ ուսանողները չշտապեն և իրենց աշխատանքները գրեն ինքնուրույն։ Այս համակարգը թույլ է տալիս ստուգել ինքնատիպությունը և հնարավոր է դարձնում արդար գնահատումը», — հայտարարել է նա։







































