Երևանում անցկացվող այս աղանդավորական միջոցառման պատերին հայերեն գեթ մեկ բառ չկա
ՀՀ կառավարության երեկվա այս հայտարարությունն ու կից լուսանկարները միանգամայն բավարար են հասկանալու համար, թե որ (ոչ ազգային!) եկեղեցիների և աղանդների հետևորդ ու դաշնակից են Ն. Փաշինյանն ու նրա գլխավոր թիմակիցները։
Բացի այդ՝ Երևանում անցկացվող այս աղանդավորական միջոցառման պատերին ՀԱՅԵՐԵՆ ԳԵԹ ՄԵԿ ԲԱՌ ՉԿԱ։ Միայն անգլերեն մեծ պաստառներ են՝
REPUBLIC OF ARMENIA
PRAYER BREAKFAST
ARMENIA IN PRAYER
Ի՞նչ պետական լեզու, ի՞նչ ՀՀ Սահմանադրություն, ի՞նչ «Լեզվի մասին» ՀՀ օրենք, ի՞նչ ինքնիշխանություն, ի՞նչ ազգային արժանապատվություն, ի՞նչ հարգանք Հայ Եկեղեցու և նրա հավատավոր ժողովրդի նկատմամբ... Այս ամենը այսօրվա Հայաստանում չի գործում, ավելին՝ բացահայտորեն արհամարհվում է հենց ՀՀ ղեկավարության կողմից։
Մնացածը՝ առանց մեկնաբանության։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության աղոթքի երկրորդ նախաճաշի շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին, որին ներկա են եղել Հայաստանից և արտերկրից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։
Մասնավորապես, միջոցառմանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի օգնական Ռիլեյ Բարնսը, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդը, «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը: Ընթրիքը մեկնարկել է աղոթքով, որը հնչեցրել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե (Կաթոլիկ) Հայոց առաջնորդ Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը:
Վարչապետ Փաշինյանը ևս հանդես է եկել ելույթով և ողջունել ներկաներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր ընկալմամբ՝ սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու և պատմելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների և պատմությունների մասին»։







































