Աչքովս ընկավ Politico-ի նյութը, որի տվյալներով՝ Ֆրանսիան չի համաձայնել ՆԱՏՕ-ի շրջանակներում Ադրբեջանի հետ գործընկերության նոր ծրագրի հաստատմանը՝ որպես հիմնական պատճառ նշելով Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու ազատազրկման հարցը։ Ի պատասխան՝ Թուրքիան, աջակցելով Բաքվին, արգելափակել է Հայաստանի հետ համանման ծրագիրը։

Այս հետաքրքիր դրվագը ևս մեկ անգամ խոսում է մի կարևոր իրողության մասին՝ Անկարան շարունակում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները դիտարկել փոխկապակցված տրամաբանությամբ՝ Բաքվի նկատմամբ կիրառվող տարբեր բնույթի սահմանափակումներին պատասխանելով Հայաստանի ուղղությամբ հակաքայլերով։

Այսինքն՝ նույնիսկ այն հարթակում, որտեղ Հայաստանը փորձում է զարգացնել սեփական հարաբերությունները՝ տվյալ դեպքում ՆԱՏՕ-ի հետ, Թուրքիան օգտագործում է դաշինքի ներսում ունեցած իր հնարավորությունները՝ Հայաստանի համար խոչընդոտներ ստեղծելով և այդ հարաբերությունները փաստացի ծառայեցնելով Ադրբեջանի շահերին։

Սա հատկապես ուշագրավ է հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» մասին շարունակվող հայտարարությունների ֆոնին։ Մի կողմից Անկարան խոսում է Երևանի հետ «հարաբերությունների կարգավորման», «սահմանների բացման» և «տարածաշրջանային խաղաղության» մասին, մյուս կողմից՝ միջազգային կառույցներում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը դարձնում է սակարկության առարկա։

Անկարայի գործնական քայլերը շատ ավելի խոսուն են, քան հայ-թուրքական «կարգավորման» մասին երկկողմանի հնչեցված տասնյակ հայտարարությունները...


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ