Անհանգստանա՞լ Հայաստանին, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.
Իսկ այդ ընթացքում, ինչպես երեկ ազդարարեցի, Ֆրանսիան Թուրքիայի հետ հոկտեմբեի 2–ին ստորագրում է պաշտպանական գործակցության աննախադեպ համաձայնագիր՝ ճանապարհային քարտեզ, որը ենթադրում է գործակցության խորացում ռազմաարդյունաբերական տեխնոլոգիաների եւ ռազմա–տեխնիկական մատակարարումների շրջանակում։
Օրինակ, 2021 թվականից ի վեր Հայաստանի հետ ինտենսիվ պաշտպանական հարաբերության մասին խոսող, եւ ի դեպ՝ միայն Արցախի հայաթափումից հետո դրա վերաբերյալ առաջին փաստաթուղթը ստորագրած Ֆրանսիան, Հայաստանի հետ չի կառուցում այդպիսի տրամաբանությամբ հարաբերություն։ Իհարկե պրագմատիկ տեսանկյունից դա պարզ է։ Ֆրանսիան բազմակի ավելի մեծ շահեր ունի Թուրքիայի ուղղությամբ, քան Հայաստանի։ Բայց, սա իհարկե «ռուս–թուրքական սպառնալիքի» ապոլոգետներն ու այդ «սպառնալիքը» ԵՄ գնալու միջոցով չեզոքացնելու հորդորների հեղինակները չեն նկատել եւ չեն նկատելու։ Որովհետեւ չկա «տեսողությունը» բացող շոշափելի մոտիվացիան։ Եվ հակառակը։
Այդպիսով, հոկտեմբերի 2–ին ստորագրվել է ճանապարհային քարտեզ, Անկարայում։ Դա օրինակ, արդեն իսկ բավականին դժգոհություն է առաջացրել Հունաստանում, որը միջերկրծովյան ռեգիոնում Ֆրանսիայի գործընկերն է։ Հույներին անհանգստացնում է Թուրքիայի հետ Ֆրանսիայի պաշտպանական մերձեցման հեռանկարը։
Հայաստանին դա անհանգստացնո՞ւմ է, թե՞ ոչ։ Թե՞ համարում են, որ Ֆրանսիան Թուրքիայի հետ մերձենալով է «փրկելու» Հայաստանը։ Ֆրանսիան ինքն իհարկե փորձում է փրկել իր տնտեսությունը։ Բավականին ծանր վիճակում գտնվող տնտեսության համար մեղմ ասած շատ կարեւոր են ռազմաարդյունաբերական կոոպերացիայից բխելիք միլիարդավոր եվրոները։ Իսկ Թուրքիան ունի ռազմաարդյունաբերությունը զարգացնելու որոշակի ներուժ, պահանջարկ, հավակնություններ։ Միաժամանակ, Թուրքիան ԵՄ համար ունի նաեւ քաղաքական նշանակալիություն եւ դրա մասին Եվրահանձնակատարները հայտարարում են շատ բաց։
Այդպիսով, Թուրքիայի ուղղությամբ Մակրոնի շարժը զարմանալի չէ։ Մտահոգիչ է, թե ոչ, այս հանգամանքը դեռ պետք է հասկանալ ամբողջ խորությամբ, դիտարկելով ֆրանս–թուրքական աննախադեպ ճանապարհային քարտեզի հետագա ծավալումն ու ընթացքը։






































