«Ապրելու երկիրը» և «Ուժեղ Հայաստանը» ստորագրել են հուշագիր՝ միավորելով իրենց ներուժը
«Ապրելու երկիր» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները հուշագիր են ստորագրել են հուշագիր՝ միավորելով քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը։
Այս առնչությամբ «Ապրելու երկիր» կուսակցության հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգային, քաղաքական և արժեհամակարգային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համազգային համախմբում, պատասխանատվություն և հստակ քաղաքական կամք։
Կարևորելով վերոնշյալը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։
Համագործակցության հիմքում ընկած է՝
- Հայաստանի Հանրապետության՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության հիմնարար նշանակությունը,
- Հայ գերիների վերադարձի անվիճելի առաջնահերթությունը՝ ազգային արժանապատվության վերականգնման և արդար ու կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման,
- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ որպես ազգային ինքնության, հավատքի, միասնության և պետականության պահպանման հենասյուն,
- Պետության և ժողովրդի միջև վստահության վերականգնման, ազգային համերաշխության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև համահայկական ներուժի արդյունավետ համախմբման հրամայականը։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը երկրում կատարվող փոփոխությունների ճանապարհին։








































