«Փափուկ, ինտելիգենտ, փոխշահավետ ապահարզան»
Միանգամայն սպասելի էր, որ Մայիսի 9-ի տոնական շքերթին հաջորդած ասուլիսում Պուտինն անդրադառնալու է հայ-ռուսական հարաբերությունների թեմային: Անսպասելին, թերևս, ապահարզանի մասին հիշատակումն էր, ինչն ամենևին միջպետական հարաբերությունների խզումը բնորոշող ստանդարտ ձևակերպում չէ: Ստացվում է՝ մինչ այժմ կապված ենք եղել «զագսի պեչատով», ընդ որում, «ամուսինը» Ռուսաստանն է, ու եթե զագսով դեռ բաժանված չենք, ուրեմն «на лево» գնալը կդիտվի որպես «ամուսնական դավաճանություն»՝ համարժեք հետևանքներով: Գոսպոդին Պուտինը չծուլացավ, հերթական անգամ շեշտեց այդ հետևանքների ոչ լրիվ ցանկը՝ գյուղատնտեսական ապրանքներից մինչև միգրացիոն հոսքեր; Եվ, քանի դեռ բանը բանից չի անցել, առաջարկեց հանրաքվե անցկացնել ու պարզել՝ հայ ժողովուրդն ուզու՞մ է «բաժանվել» Ռուսաստանից, թե՞, այնուամենայնիվ, չի ուզում: Եթե ուզում է, իրենք կընդունեն այդ որոշումը, և կկայանա «փափուկ, ինտելիգենտ, փոխշահավետ ապահարզան»:
Այսինքն, Մոսկվան ընդունելու՞ է, որ Խաչատուր Աբովյանը վաղուց մոդա չի Հայաստանում, և հայերն էլ այլևս չեն «օրհնում էն սհաթը, երբ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ»: Եվ ոչ միայն ընդունելու է, այլև փոխշահավետ ապահարզա՞ն է կնքելու: Նույնպիսի ապահարզան, ինչպիսին կնքվեց ՈՒկրաինայի հե՞տ, երբ վերջինս որոշեց անդամակցել Եվրամիությանը: Թե՞ ուկրանացիներն էլ հանրաքվե չէին արել, և միայն Զելենսկու ռեժիմն էր դավաճանել «ամուսնական ուխտին», ինչպես Հայաստանում՝ փաշինյանական ռեժիմը:
Բարդ հարցեր են, որ միշտ էլ օրախնդիր են դառնում, երբ պետություններն են կանգնում ապահարզանի փաստի առաջ՝ բաժանության հետևանքները թողնելով ժողովուրդների բազմաչարչար վզին:
Հայերիս վիճակն այս առումով երիցս մտահոգիչ է. ապրում ենք դեռևս պետություն կոչվող մի երկրում, որի ղեկավարն իր սեփական ամուսնությունից գլուխ չի հանում, ուր մնաց միջպետական մակարդակում գլուխ հանի դրանից: Իսկ գլուխ հանել պարտադրելու են և այն էլ՝ շուտով: Երեկվա ասուլիսում Պուտինը չբացառեց, որ ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը կարող է քննարկվել։ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով հաջորդ նիստն էլ նախատեսված է մայիսի 28-29-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Փաստորեն, այդ նիստին էլ մեր երկիրն ի պաշտոնե ներկայացնող անձը չի մասնակցելու. մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ռազմական շքերթ է նախատեսված՝ հերթական Մեծ շոուն՝ հունիսի 7-ի ընտրություններից առաջ: Իր համար կարևորը դա է, ի՞նչ ԵԱՏՄ, ի՞նչ ապահարզան: Այ, «կվերընտրվի», էն ժամանակ կերևա՝ ով ումից է բաժանվում:
Ընտրություններին էլ մնաց 27 օր:








































