Մեկ տարի է անցել 44-օրյա պատերազմից հետո. պատերազմ, որը դարձել է ազգային աղետ հայ ժողովրդի համար: Ծանր պարտությունը մի շարք հարցեր է առաջացրել, և այս մեկ տարվա ընթացքում որևէ հարցի որևէ տրամաբանված պատասխան հանրությունը չի ստացել: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

«Ճիշտ հակառակը՝ այս ընթացքում նոր հարցեր են առաջացել, որոնց պատասխանները ևս չկան: Առաջին և ամենակարևոր հարցը՝ արդյո՞ք պատերազմն անխուսափելի է եղել, թե՞ պատերազմը հրահրվել է, միտումնավո՞ր, թե՞ քաղաքական միամտությամբ»,-նշեց նա:

Քոչարյանը հայտարարեց՝ յուրաքանչյուր պետություն, կառավարություն մինչև պատերազմ սկսելու որոշում կայացնելը պետք է անի և անում է բավական խորը վերլուծություն:

«Առաջին հերթին համադրում են իրենց ԶՈւ-ի հնարավորությունը հակառակորդի ԶՈւ-ի հետ, փորձում են գնահատել այդ երկրի ներքաղաքական իրավիճակը, արդյո՞ք ունակ է այդ երկիրը կոնսոլիդացնել իր հասարակությանը, հարջորդիվ փորձում են հասկանալ հակառակորդ երկրի կառավարության ունակությունները, փորձում են հասկանալ՝ ինչպես կպահեն իրենց հակառակորդի դաշնակիցները և այն ռազմաքաղաքական միավորները, որոնց կազմում է գտնվում իրենց հակառակորդը: Երբ այդ փաստրեն իրենց համար բարենպաստ ձևով համընկնում են, որոշում է կայացվում պատերազմ սկսելու: Սա պետական կառավարման այբուբեն է»,-ասաց նա, ապա ներկայացրեց, թե ինչ էր կատարվում ՀՀ-ում:

«2018-ից սկսած ՀՀ կառավարությունն արել է ամեն ինչ, որ բոլոր այդ հանգամանքները համընկնեն, և որ Ադրբեջանն իրավիճակը գնահատի որպես բարենպաստ պատերազմի ձևով Ղարաբաղի հարցը լուծելու համար: Սա փաստ է: Փակուղի ենք մտցրել բանակցային գործընթացը՝ իրարամերժ հայտարարություններով, 3 տարում 3 տարբեր մոտեցում որդեգրելով, առաջացրել ենք Մինսկի խմբի անվստահությունը ՀՀ-ի նկատմամբ, ձևավորվել է կարծիք, որ խորամանկության տարբերակով փորձում ենք խուսափել առարկայական բանակցային գործընթացից, վարկաբեկել ենք բանակը տարբեր քրեական գործերով, բաժանել ենք հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» և ցույց ենք տվել, որ կառավարման տեսանկյունից քաոտիկ, ոչ սիստեմի բերող կառավարություն է գործում ՀՀ-ում, իսկ պատերազմի ժամանակ նման կառավարման ոճը ուղղակի մահացու է երկրի համար»,-ասաց նա:

Հաջորդիվ, ըստ Քոչարյանի, փչացրել ենք հարաբերությունները ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ: «Հասկանալի էր, որ ՀԱՊԿ-ը՝ որպես միավոր, որևէ ակտիվ մասնակցություն այս ամենի մեջ չի ունենալու: Ադրբեջանը շատ ուշադիր հետևում էր այս ամենին, և իրենք գնահատեցին, որ ավելի բարենպաստ պայմաններ ուղղակի չեն ունենալու, և ռիսկերը՝ կապված պատերազմի հետ արդյունքների հետ, իրենց համար նվազագույնն են: Հենց այդ սխալների պատճառով մենք հայտնվեցինք մեկուսացման մեջ»,-նշեց նա:

ՀՀ երկրոդ նախագահը հայտարարեց՝ եթե ՀՀ իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը, նույն հերթականությամբ՝ իրենց նպատակին հասնելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն