Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի կազմում գտնվող բնակավայրերում իրավիճակը հանգիստ է, բնակիչների շրջանում խուճապ չկա։ «Համայնքը նորմալ իր հունով ապրում է, դպրոցը աշխատում է, ժողովուրդն իրենց գործին են»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Իշխանասար համայնքի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ անվտանգային հարցերը պետք է լուծել մեր բանակի միջոցով։ «Մենք մեր կողքը կանգնած հզոր բանակ ունենք, տղերք ունենք, աշխարհը չունի, դրա համար էլ արխային ենք։ Մեր ժողովուրդը երեկվանից տեղից չի շաժվել, ոչ ոք գյուղից չի հեռացել։ Հարկ եղած դեպքում աշխարհազորայիններ էլ դուրս կգան, զենք բռնող մարդը դուրս է գալու։ Սյունիքը լսել է Նժդեհի քարոզչությունը, դրա համար այսօր Սյունիքը պարտվելու իրավուք չունի»,- ասաց նա։

Մարատ Պետրոսյանի խոսքով․ «Իրենք քարտեզով էսօր կարող են ասել՝ Սյունիքն էլ է մերը, Սևանի ավազանն էլ, Երևանի կեսն էլ։ Հո իր ասելով չէ։ Մեր պատմությունը բոլորն էլ գիտեն, թուրքն էլ գիտի մեր պատմությունը, բայց ինքը մարդասպան է ու ոչխարի գող։ Մեր ներքին դավաճանը միշտ էլ եղել է, Արևմտյան Հայաստանը, որ մենք հանձնել են, դա ներսի դավաճանն է անում։ Եթե հայը համախմբված լինի, այս փոքր ազգով աշխարհը շուռ կտա։ Եթե համախմբված չենք, հետևանքը սա է»։

Անգեղակոթ գյուղի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանը նշեց․ «Մեր բանակն իր գործն անում է, գյուղն առօրյա կյանքով ապրում է, խուճապ չկա։ Այսօր ընդհանրապես կրակոցներ չեն լսվել»։ Մարկոսյանի խոսքով՝ այս իրավիճակը ցույց է տալիս՝ անվտանգային հարցերում չպետք է հույս դնել օտարների վրա, մեր բանակը պետք է հզոր լինի ու իր գործառույթները կատարի։

Շաքի բնակավայրի վարչական ղեկավար Վահան Ղազարյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան, գյուղի բնակիչների մոտ խուճապ չկա։ «Մարդիկ վախեցած չեն, պատրաստ են անհրաժեշտության դեպքում բոլոր գործողություններին մասնակցել»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ Սյունիքում մարդանց տրամադրությունն այն է, որ չպետք է տարածքներ զիջել թշնամուն։

«Մենք ուրիշ ձև չգիտենք, սա է մեր կարծիքը՝ չպիտի զիջենք։ Եթե մերն է, ուրեմն պետք է պայքարենք մերի համար։ Քարտեզագետները, պատմաբանները և մնացածը ոնց կկազմակերպեն իրենց գործը, չգիտենք, մենք մեր իմացածով մեր եղածի տերն ենք ուզում լինել։ Մենք մեր համայնքում ապրելու ենք, շարունակելու ենք ապրել, ոչ մի բան ոչ զիջելու ենք, ոչ էլ ցանկություն ունենք զիջելու։ Մենք պարտավոր ենք մեր հողից դուրս չգալ»,- ասաց Վահան Ղազարյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն