Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ։ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ 2019 թվականին Հայաստան կատարած պաշտոնական այցը։

Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում Շվեդիայի կողմից, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում ցուցաբերվող աջակցությունը։

Հայաստան-Եվրամիություն գործընկերության առավել խորացման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը մտքեր են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման շուրջ:

Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման, վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նա ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայունացման համատեքստում միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքի կարևորությունը։

Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը, ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն