ԱՄՆ Սենատի անդամը ռազմագերիների վերաբերյալ աշխատանքներ տանելու պատրաստակամություն է հայտնել
Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։
Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային միջավայրին և այդ համատեքստում դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և գնահատականը։
Դեսպան Մակունցը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում և տեղեկացրել այդ ուղղությամբ տեղի ունեցող գործընթացների մասին։
Դեսպան Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչի առթիվ սենատոր Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը։
Armeniatoday.news