ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածաշրջանային համագործակցությանը. Անն Լինդե
ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածաշրջանային համագործակցությանը, եթե երեք երկիրը համապատասխան պայմանավորվածության հասնեն: Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի բացմանը հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հասկացրել է կազմակերպությանը, որ իրավիճակը պետք է պահել տեսադաշտում:
«Կարծում եմ, որ տարածաշրջանային համագործակցությունն Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև կարող է փոխշահավետ լինել: Իմ հատուկ ներկայացուցիչն Անդրկովկասի հարցերով պատրաստ է նախաձեռնել անհրաժեշտ միջոցներն աջակցելու համար նման համագործակցությանը, եթե երեք երկիրը նման որոշում կայացնեն»,- հայտարարել է Լինդեն:
Գործիչն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ տարածաշրջանի հարցերով քննարկում է ունեցել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, վերջինս ԼՂ հակամարտության հարցով քննարկում է անցկացնելու նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Tert.am