Եռակողմ հանդիպում՝ Բրյուսելին ընդառաջ․․․ինչի՞ շուրջ են պայմանավորվում փոխվարչապետները
Նոյեմբերի 26-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մոտ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում և կհայտարարեն որոշակի պայմանավորվածությունների մասին, որոնց շուրջ երեք երկրների առաջնորդները համաձայնության են եկել:
Եվ ահա այդ նպատակով՝ երեկ դեկտեմբերի 1-ին, Մոսկվայում տեղի ունեցավ նախանշված հանդիպումը։ Եռակողմ աշխատանքային խմբի օրակարգի մասին Մհեր Գրիգորյանի օգնականը մանրամասներ չի հայտնել և նշել, որ հայտարարություն էլ չի նախատեսվում։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ այս հանդիպումն ընդհանուր գործընթացի մի մաս է․«Եթե հիշում եք՝ փոխվարչապետերի հանդիպումը նախաձեռնվել էր դեռ հունվարի 11-ի հայտարարությունից հետո և տարվա ընթացքում մի քանի անգամ նման հանդիպումներ եղել են։ Պարզապես Սոչին կարելի է ասել որոշակի կերպով ուղղորդեց այդ գործընթացի տրամաբանությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հավանաբար նաև վերջին զարգացումների հետ կապված կան խնդրահարույց գործընթացներ․«Դրանցից է օրինակ ադրբեջանական զորքերի կողմից Իշխանասարից հետ քաշվելը։ Ամենայն հավանականությամբ քննարկման օրակարգը նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքն է, հունվարի 11-ի համաձայնությունների կատարումն ու նոր փոփոխվող իրավիճակում ժամկետների ճշգրտումը։ Հաշվի առնենք նաև, որ Ռուսաստանը բավականին մեծ խանդով է նաև այլ կողմերի գործընթացներին մասնակցելուն։ Իհարկե խանգարել չի կարող և ընդհակառակը փորձում է ներգրավվել ու մասնակցել, ինչն իրականում մեր շահերին համապատասխանում է։ Հայկական կողմն էլ այս դեպքում բավականին կշռադատված է գործում»։
Հարցին՝ արդյոք այս հանդիպումը Բրյուսելյան սպասվող հանդիպումին ընդառաջ արվող գործողություն է, մեր զրուցակիցն ասաց․ «Ես հենց բրյուսելյան հանդիպումն էլ նկատի ունեի, երբ ասում էի այլ կողմերի մասնակցություն։ Եվ այո՛, առաջին հերթին Ռուսաստանի կողմից փորձ է արվում կանխարգելել հնարավոր անակնկալները։ Դրան իրենց շահերի մասով նաև մասնակցում են Ադրբեջանն ու Հայաստանը։ Եվ կարելի է ասել, որ ընդհանուր գործընթացի տրամաբանությունը ներառվում է բրյուսելյան հանդիպման հետ մի ընդհանրության մեջ»։
Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ չենք կարող ասել նաև, որ օրակարգերը տարբեր են․ «Ընդհանուր առմամբ օրակարգը որևէ խնդրի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության հասնելն է։ Եվ եթե կոմունիկացիաները, սահմանազատումը նպաստում են նշված վերջնական նպատակին, ապա այն ներառվում է այդ նպատակն իրականացնելու խնդիրների շարքում։ Ես կարծում եմ՝ Բրյուսելում խոսելու են շատ գործոնների մասին, որոնցից է նաև սահմանազատումը և նաև կոմունիկացիաների ապաշրջափակումը»,-եզրափակեց նա։
1in.am