Կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման մեկանգամյա պետական տուրքով
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցումով քննարկել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ 2014 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել է, իսկ տարեկան պետական տուրքի պահանջը պահպանվել: Տարբեր ոլորտներում անժամկետ լիցենզիայի պահանջով գործունեություն իրականացնելու համար սահմանված է պետական տուրք, իսկ հստակ ժամկետներով գործունեություն իրականացնելու համար` մեկանգամյա տուրք` գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար:
Առաջարկվող կարգավորմամբ կանոնավոր ուևորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված պետական տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման համար մեկանգամյա պետական տուրքով: Գործող 100,000 դրամ տուրքը չի հանվում, սակայն դա դառնում է մեկանգամյա վճարվող:
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին ի պատասխան` փոխնախարարը պարզաբանել է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկումը կարող է իրականացվել 10 տարի ժամկետով: Օրենսդրական փոփոխություններով մրցութային կարգով սպասարկում իրականացնելու իրավունք ստացած կազմակերպությունը կվճարի մեկ անգամ 100,000 դրամ, այլ ոչ թե յուրաքանչյուր տարվա համար 100,000 դրամ:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Politik.am