Ռուսաստանի կողմից լայնածավալ էսկալացիայի հավանականությունը աճում է․ Ուկրաինայի պաշտպանության նախարար
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ երկրի սահմանների մոտ ռուսական զորքերի թիվը, որոնք, նրա կարծիքով, կարող են օգտագործվել Դոնբասի շուրջ իրավիճակը սրելու համար, կազմում է մոտ 94,3 հազար մարդ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այժմ Ուկրաինայի շուրջ և ժամանակավորապես օկուպացված Ղրիմում մշտական պատրաստության մեջ են 41 գումարտակային-մարտավարական խմբեր, որոնցից 33-ը մշտական հիմունքներով, 8-ը լրացուցիչ տեղափոխվել են Ղրիմ։ Զորքերի ընդհանուր թիվը Ռուսաստանի Դաշնության տարածքում, ինչպես նաև ժամանակավորապես օկուպացված տարածքներում, որոնք կարող են ներգրավված լինել էսկալացիայի համար, այսօր գնահատվում է 94,3 հազար մարդ», – ուրբաթ օրը Կիևի Գերագույն ռադայում կառավարությանն ուղղված «հարցերի ժամի» ժամանակ ասել է Ռեզնիկովը։
Նրա խոսքով՝ էսկալացիայի համար Ռուսաստանի պատրաստ լինելու ամենահավանական ժամանակը 2022 թվականի հունվարի վերջն է։
«Մեր հետախուզությունը վերլուծում է բոլոր սցենարները, այդ թվում՝ ամենավատերը: Նշվում է, որ Ռուսաստանի կողմից լայնածավալ էսկալացիայի հավանականությունը աճում է» , – ասել է Ուկրաինայի ՊՆ Ռեզնիկովը։
Lragir.am