ԱՀԿ-ից հայտնել են, որ «Օմիկրոն» հիմնամանրէի հետևանով մահվան դեպքեր դեռ չեն գրանցվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս տեղեկություն չունի կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի հետևանքով արձանագրված մահվան դեպքերի մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը:
«Ես դեռ չեմ տեսել արձանագրություններ մահվան դեպքերի մասին, որոնք կապված կլինեն «Օմիկրոն» հիմնամանրէի հետ: Բայց մենք վկայություններ ենք հավաքում, և դրանք ավելի շատ կլինեն, քանի որ շատ երկրներ են թեստավորում մարդկանց և հետևում վիրուսի տարածմանը: Այնպես որ մենք ավելի շատ տեղեկություն կլինի, բայց հուսով եմ՝ ոչ մահեր»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ վիրուսի նոր տեսակի մասին առավել հստակ տեղեկություններ ի հայտ կգան մի քանի շաբաթից:
Tert.am