ԱՄՆ-ում առնվազն 70 երեխայի սխալմամբ ներարկել են COVID-19-ի դեմ ժամկետանց պատվաստանյութ
ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում առնվազն 70 երեխայի COVID-19-ի դեմ ժամկետանց պատվաստանյութ են ներարկել պատրաստուկների պահպանման հարցում տեղի ունեցած սխալի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Փրինս-Ջորջսի շրջանի առողջապահության վարչության կայքում:
«Փրինս-Ջորջս շրջանի առողջապահության վարչությունը 5-11 տարեկան 70 երեխայի ծնողներին ծանուցել է, որ պատվաստանյութերի պահպանման հետ կապված սխալի պատճառով երեխաները նոյեմբերի 26-ին ստացել են ժամկետանց Pfizer պատվաստանյութի առաջին կամ երկրորդ չափաբաժինը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, առողջապահական ծառայությունները երեխաներին հանձնարարել են պատվաստանյութի ևս մեկ չափաբաժին ստանալ ժամկետանցի փոխարեն՝ «COVID-19-ից առավելագույն հնարավոր պաշտպանություն ապահովելու համար»: Իշխանությունները հավելել են, որ ժամկետանց պատվաստանյութ ստացած երեխաների առողջությանը ոչինչ չի սպառնում:
«Մենք խորապես ցավում ենք սխալի համար և ներողություն ենք խնդրում ընտանիքներին պատճառած անհանգստության ու անհարմարության համար»,-հայտարարել է առողջապահության, սոցիալական ապահովության և կրթության հարցերով վարչակազմի ղեկավարի տեղակալ դոկտոր Ջորջ Ասկյուն: Իշխանությունները հավելել են, որ երեխաները, որոնք ստացել են ժամկետանց պատվաստանյութ, կկարողանան կրկնապատվաստվել:
Շրջանի առողջապահության վարչությունը նոյեմբերի 19-ին ստացել է երեխաների համար Pfizer պատվաստանյութի 300 չափաբաժին՝ մինչև նոյեմբերի 24-ը պիտանելիության ժամկետով: Իշխանությունները հաղորդել են, որ HealthCare Dynamics International պատվաստանյութերի մատակարարը չի հասցրել 300 չափաբաժնից 70-ը ներարկել մինչև պիտանելիության ժամկետի լրանալը: Այդ պատվաստանյութերը դեն չեն նետել գործող արձանագրության համաձայն, բայց սխալմամբ տեղավորել են սառնարանում «նորմալ» չափաբաժինների հետ:
Tert.am