Ադրբեջանական Haqqin.az-ը «Ադրբեջանը չգտավ իր մարշալին․․․ բայց Հայաստանը ստացավ իր Միշելին» վերտառությամբ հոդվածում խանդի տեսարաններ է անում, թե ինչու «Մարշալի ծրագիր» իրականացնող մի «մարշալ» իրենց մոտ չգտնվեց, իսկ Հայաստանը գտավ իր Միշելին։ Հիշեցնենք, որ «Մարշալի ծրագրով» սառը պատերազմի ժամանակ վերականգնվեց Գերմանիայի տնտեսությունը, իսկ Հայաստանին «Միշելի ֆոնդից» մինչեւ 2․5 մլրդ եվրո է հատկացվում։

Ադրբեջանական այս հիստերիան պատահական չէ, քանի որ Բրյուսելից առաջ՝ նոյեմբերի 1-ին, Եվրոպական պառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախաձեռնել էր քննարկում՝ 44-օրյա պատերազմի հետեւանքների վերաբերյալ։ Եվրոպացիների հիմնական շեշտադրումները՝ պատերազմից 1 տարի 2 ամիս անց ռազմագերիների խնդիրը մնում է չլուծված, որոշ պատգամավորներ մտահոգություն հայտնեցին, որ Ադրբեջանը պատերազմից հետո ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք եւ շարունակում է օկուպացված պահել Հայաստանի նաեւ որոշ տարածքներ, եւ նրանց մյուս մտահոգությունը, որն ակնհայտ կարմիր գծի նման անցնում էր, դա հակառուսական որոշակի տրամադրություններն էին, թե ինչու պիտի Ռուսաստանը ստանձնի այդ ամենի պատասխանատվությունը, իսկ ինչու ԵԱՀԿ ՄԽ երկրները տարածաշրջանում չպիտի ունենան իրենց դերակատարումը։ Եվ կոչ էր արվում կրկին ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի Արցախի հետ կապված հետագա քննարկումները շարունակվեն ՄԽ ֆորմատում։ 

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանն այս ընդգծված շեշտադրումներն է առանձնացրել։ Նրա գնահատմամբ․ «Գլոբալ առումով ասել, որ այդ քննարկումներն ինչ-որ կարեւոր հանգրվանի պիտի հանգեցնեին, կամ ինչ-որ կարեւոր բան պիտի հետեւեր դրանց, այդպես չէ, բայց շատ կարեւոր է, որ, ի տարբերություն ԵԽԽՎ-ի, որի, ի դեպ, անդամ ենք երկուսս էլ՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, Եվրոպական խորհրդարանը շատ ավելի ակտիվ է արցախյան վերջին պատերազմի քննարկման հարցում։ Եվ եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը շատ ավելի հստակ է Ադրբեջանի ագրեսիայի եւ կատարած ռազմական հանցագործությունների վերաբերյալ, քան, օրինակ, ԵԽԽՎ-ի։

Եվ պատահական չէ, որ երեկ հայտարարեցի, որ շատ ճիշտ կլինի, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կամ գոնե պատվիրակության ընդդիմադիր հատվածը, որը, չգիտես ինչու, ընտրել է բոյկոտի ճանապարհը եւ հունիսյան նստաշրջանին չի գնացել, բարձրացնի ԵԽԽՎ-ում ադրբեջանական լիազորությունների կասեցման հարցը մինչ այն պահը, երբ մինչեւ վերջին ռազմագերին կվերադառնա։ Էդ ինչպե՞ս է լինում, որ երբ Նավալնու պրիչոսկան ծռվում է, ԵԽԽՎ-ում անմիջապես բարձրանում է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների կասեցման հարցը, Ռուսաստանի պատվիրակությանը զրկում են ձայնից, իսկ այստեղ ունենք հսկայական` հարյուրավոր տեսանյութեր, որոնցից շատերը ես եմ ուղարկել Եվրոպայի խորհուրդ, թե ինչպես են անարգում, նվաստացնում, ողջ-ողջ սպանում մեր զինվորներին։

Ի դեպ, ԵԽԽՎ կանոնակադրությունն ունի հստակ սանկցիաներ, որն ամեն անգամ, երբ Նավալնու պրիչոսկան ծռվում է, կամ բրոնխները մրսում են, անմիջապես աշխատեցնում է ԵԽԽՎ կանոնադրությունը, ինչը չի անում Ադրբեջանի դեպքում»։ Չմոռանանք, որ սրանից 1 օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եւս մեկ հայտարարության մեջ մի քանի անգամ հայտարարել էր, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ։ «Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել: Դրանք նոր ջանքեր են պահանջում՝ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը: Ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել հաստատուն կարգավորման: Դա պահանջում է նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, կամուրջներ կառուցելու եւ հաշտեցմանն ուղղված ջանքերի աջակցում»,- ասվում է նրա հայտարարության մեջ: 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը եւս արձանագրում է՝ այն, որ հակամարտությունը կարգավորված չէ, ընդգծում են բոլորը։ «Ե՛վ Մինսկի խմբի համանախագահները միասին, ե՛ւ առանձին-առանձին պետությունների ղեկավարները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահը, պարբերաբար ասում են, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության խնդիրը լուծված չէ, եւ նրանք պետք է օգնեն կողմերին՝ խնդրի վերջնական լուծման համար։ Եվ նույն տրամաբանության մեջ էլ պետք է դիտարկել նաեւ ԵՄ դիրքորոշումը»,- ասում է նա։ Այսինքն՝ Բրյուսելում Հայաստանի դիրքորոշումները պնդելու համար բավարար նախադրյալներ են ստեղծված։ Բայց կլինե՞ն։

Հայաստանի ազգային պլատֆորմի նախկին նախագահ Բորիս Նավասարդյանը կասկածում է։ 

- Ի՞նչ կարելի է սպասել Բրյուսելից՝ ելնելով Սոչիից։

- Բոլորի համար ակնհայտ է, որ Սոչիի հանդիպումն անմիջապես կապված էր Շառլ Միշելի նախաձեռնության հետ։ Այսինքն՝ Ռուսաստանին պետք էր արձանագրել, որ դեմ չլինելով այդ հանդիպմանը, Ռուսաստանը մնում է հիմնական դերակատար Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման։ Եվ դա որոշ չափով հաջողվեց, մանավանդ ակնհայտ է, որ Բրյուսելի հանդիպումը միանգամայն այլ ձեւաչափով է անցնելու, քան Պուտինի հետ հանդիպումը։ Նախ՝ շատ ավելի կարճ է լինելու, եւ երկրորդ՝ հիմնական խոսացողները, եթե ցանկանան, պիտի լինեն հենց Փաշինյանն ու Ալիեւը։ Այն դեպքում, երբ Սոչիի հանդիպման ժամանակ հիմնական խոսացողը եւ օրակարգ ներկայացնողը հենց Պուտինն էր։ Հիմա, թե որքանով են պատրաստ Ալիեւն ու Փաշինյանն իրար հետ երկխոսել եւ կոնկրետ հարցեր քննարկել, դրանից արդեն կախված են լինելու բրյուսելյան հանդիպման արդյունքները եւ արդյունավետությունը։ Եվ ակնհայտ է, որ դրանում պետք է շահագրգռված լինի Հայաստանը, քանի որ մենք ունենք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Իսկ Ադրբեջանը, բնականաբար, կգերադասեր շարունակել աշխատել միայն Մոսկվայի հետ։

- Իսկ Փաշինյանը՝ ինքը, որքանո՞վ պատրաստ կլինի խոսել Ալիեւի հետ, որովհետեւ կարծես ահաբեկված է պատերազմից եւ, ակնհայտորեն, դեմ առ դեմ, առանց միջնորդի վախենում է խոսել։

- Բացի պատերազմի հանգամանքից, կա նաեւ երկար շարան՝ երկուստեք վիրավորանքների եւ նվաստացնող հայտարարությունների, հիմնականում՝ Ալիեւի կողմից։ Եվ վերջին անմիջական հանդիպումը, որ մենք հիշում ենք Դավոսում, բոլորովին կառուցողական մթնոլորտում չանցավ։ Այնպես որ, պատրաստ լինելու առումով ես էլ լուրջ կասկածներ ունեմ, որ այնտեղ հնարավոր է կառուցողական զրույց։ Բայց, ամեն դեպքում, փորձը փորձանք չէ, եւ եթե նույնիսկ դա լինի արարողակարգային հանդիպում, շեշտվի, որ ԵՄ-ն ինչ-որ մասնակցություն ունի այս գործընթացին, դա էլ է փոքր, բայց արդյունք։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն