Թուրքիան առաջարկում է իր օգնությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում
Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «Անատոլիական» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:
«Մենք լավ հարաբերություններ ունենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Աշխատում ենք անել մեզնից հասանելիքը՝ երկու երկրի միջև լարվածության թուլացման նպատակով»,- ասել է Քալընը:
Նա նշել է, որ Թուրքիան առաջնահերթ ցանկանում է, որ երկու երկրները խնդիրը լուծեն իրար միջև: «Սակայն եթե դա անհնարին լինի, Թուրքիան կարող է կառուցողական դերակատարում ունենալ՝ կողմերին երկխոսության համար հարթակ տրամադրելով»,- ասել է նախագահի խոսնակը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է միայն կողմերի դրական արձագանքը:
Armenpress.am