Ավստրիայի նորանշանակ կանցլերն առաջնահերթ խնդիր է հայտարարել կորոնավիրուսի դեմ պայքարը՝ փոխգործակցության կոչ անելով բնակչությանը
Կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է լինի Ավստրիայի բնակչության միավորման և երկխոսության հիմքում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նոր կանցլեր Կառլ Նեհամերը:
«Կորոնավիրուսը ճնշում է բոլորին: Շատերի համար թույլատրելիի սահմանը հատվել է արդեն ամիսներ առաջ: Մենք պետք է օգտվենք մնացած ժամանակից, այդ իսկ պատճառով ես սկսում եմ քննարկումները փորձագետների, առողջապահության նախարարի, ընդդիմության ներկայացուցիչների հետ, որպեսզի լավագույնս մշակենք որոշումները, երբ խոսքը միասին երկիրը «լոքդաունից» դուրս բերելուն է վերաբերում»,- ասել է նորանշանակ կանցլերը:
Նրա խոսքով՝ այժմ Ավստրիայում տիրող «լոքդաունի» ֆոնին անհրաժեշտ է բոլորի երկխոսությունն ու փոխգործակցությունը, պահանջվում է խուսափել բաժանումից՝ կորոնավիրուսը հաղթահարելու համար, որը սպառնում է բնակչության ազատությանը:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը երկուշաբթի ներկա է գտնվել նոր կանցլերի երդմնակալության արարողությունը: Վերջինս այդ պաշտոնում փոխարինել է Ալեքսանդր Շալենբերգին, որը կրկին գլխավորել է ԱԳՆ-ն: Դեկտեմբերի 3-ին Նեհամերը Սեբաստիան Կուրցի հրաժարականից հետո նշանակվել է Ավստրիական ժողովրդական իշխող կուսակցության նախագահ, որը «Կանաչների» հետ կազմում է կառավարական կոալիցիան:
Tert.am