Սոչիում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հունաստանի նոր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի բանակցությունները. պետությունների ղեկավարները հաստատել են երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթը եւ համագործակցության զարգացման տրամադրվածությունը։

Սկսելով զրույցը՝ Պուտինը հիշեցրել է, որ Հունաստանի վարչապետի այցը տեղի է ունեցել հունական հեղափոխության 200-ամյակի տարում, ինչպես նաեւ հիշեցրել է Հունաստանի անկախության ձեռքբերման գործում Ռուսաստանի ներդրման մասին:

Դրա հետ մեկտեղ Պուտինը նշել է, որ այսօր էլ ռուս-հունական հարաբերությունները զարգանում են դրական ոգով: «Եթե անցյալ տարի մենք արձանագրել ենք 35 տոկոս ծավալով առեւտրի անկում, ապա այս տարի աճը 56 տոկոս է, մենք գործնականում հասել ենք նախքան համավարակը եղած մակարդակին»,-նշել է նա:

Պուտինը նաեւ հավելել է, որ ՌԴ կառավարցության անդամների հետ տեղի ունեցած Միցոտակիսի հանդիպումների ընթացքում «արդեն ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ, կողմերը ձեռնամուխ են եղել համապատասխան համաձայնագրերի ստորագրմանը»:

Իր հերթին Միցոտակիսը շնորհակալություն է հայտնել Պուտինին Սոչի այցելելու հրավերի համար:

Հունաստանի վարչապետը հավաստիացրել է, որ իր երկրում հիշում են Ռուսաստանի դերը Հունաստանի հեղափոխության գործում: «Դրանք իրադարձություններ են, որոնք անքակտելիորեն կապում են մեր երկու երկրներին: Այդ հեղափոխությունը բերել է հունական պետության անկախության ստեղծում, եւ մենք երբեք չենք մոռանում, որ Ռուսաստանը նշանակելի դեր է խաղացել դրանում»,-հայտարարել է Մոցիրակիսը:

Հունաստանի վարչապետն արտահայտվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման օգտին, այդ թվում՝ «տնտեսության բնագավառում, քանի որ հունական տնտեսությունը, չնայած համավարակի պայմաններին, վերջին ժամանակներս բավականին սրընթաց աճ է արձանագրում»: Հեռանկարներ կան ինչպես մեր առեւտրա-տնտեսական շրջանառության ավելացման, այնպես էլ զբոսաշրջության բնագավառում փոխգործակցության զարգացման գործում»,-հավելել է Միցոտակիսը:

Նա նաեւ Պուտինին առաջարկել է քննարկել «տարածաշրջանային օրակարգի հարցերը, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ է եւ զգալի դեր է խաղում տարածաշրջանում եւ ընդհանուր առմամբ աշխարհում բազմաթիվ իրադրությունների զարգացման գործում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն