Կանադան 6,3 մլն դոլար կհատկացնի ՄԱԿ-ի հումանիտար տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը
Կանադայի կառավարությունը 8 միլիոն կանադական դոլար (6,3 միլիոն ամերիկյան դոլար) կհատկացնի ՄԱԿ-ի հումանիտար տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը: Դեկտեմբերի 9-ին այդ մասին ասված է Կանադայի նախարարների կաբինետի ղեկավար Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը նվիրված է վիրտուալ՝ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» առաջին օրվա աշխատանքի արդյունքներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մարդու իրավունքների հարգման հետագա աաջշարժման համար վարչապետը հայտարարել է, որ Կանադան եւս 5 միլիոն կանադական դոլար կհատկացնի 2021 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության աշխատանքի ֆինանսավորմանը»,- հայտնել են մամուլի ծառայությունում: Բացի դրանից, 3 միլիոն կանադական դոլար կուղղորդվի համաշխարհային կազմակերպության մի քանի հումանիտար ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք այդ թվում վերաբերում են դավանանքի ազատության պաշտպանությանը: Թրյուդոն, որը դեկտեմբերի 9-ին գագաթնաժողովում հրապարակային ելույթներ չի ունեցել, շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին համաժողովի կազմակերպման եւ անցկացման համար «մեր ժողովրդավարության համար այս կրիտիկական պահին»:
Միացյալ Նահանգների իշխանությունները «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» են հրավիրել 110 պետությունների եւ տարածքների, որը դեկտեմբերի 9 – 10-ը տեղի է ունենում տեսակոնֆերանսի ձեւաչափով: Ցուցակում նշված է Չինաստանի Տայվան կղզին, սակայն այնտեղ չկան ՉԺՀ-ն, ինչպես նաեւ Ռուսաստանը, Թուրքիան, Եգիպտոսը եւ մի շարք այլ երկրներ: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այդ միջոցառման նպատակն է «մարդկանց, երկրներին բաժանել դեմոկրատականի եւ ոչ դեմոկրատականի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Tert.am