Ազատազրկված Վրաստանի նախկին նախագահը՝ Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին, ուկրաինացիներին խնդրել է աջակցել իրեն և միանալ #FreeMisha ֆեյսբուքյան արշավին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն ունի. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ նշել էր, որ անձամբ ինքը և ուկրաինական իշխանությունները կզբաղվեն Սաակաշվիլիի վերադարձով։ Մինչդեռ Վրաստանի դատախազ Ջարջի Ցիկլաուրին հայտարարել էր, որ Սաակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու հարցը չի քննարկվում։

«Չնայած բոլոր խոշտանգումներին և ամբողջությամբ կազմակերպված քաղաքական գործընթացներին, սա Amnesty-ի (միջազգային իրավապաշտպան Amnesty International-խմբ.) և այլ իրավասու կազմակերպությունների գնահատականն է, և չեմ կոտրվել: Ինձ համար ամենամեծ վիրավորանքն այն էր, երբ ինձ աջակցող բազմաթիվ հանրահավաքների ժամանակ ոստիկանները «որսում» էին Ուկրաինայի դրոշները և կատաղությամբ տրորում դրանք։ Ես դիմում եմ ձեզ աջակցության համար: Միացե՛ք #FreeMisha ֆեյսբուքյան արշավին. մեքենաների և տների վրա փակցրեք այս պիտակը: Ես սիրում եմ ձեզ»,- գրել է Սաակաշվիլին։

Նա հիշրել է, որ 50 օր հացադուլի մեջ է եղել, ծեծի ու խոշտանգումների է ենթարկվել՝ «շատ մոտ գտնվելով մահվանը»։

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն