Թուրքիան փորձում է իր տարածքով տեղափոխել չինական բեռնափոխադրումների 30 տոկոսը
Թուրքիան ջանում է Չինաստանից Ռուսաստանի (Սիբիր) տարածքով դեպի Եվրոպա իրականացվող տարեկան 5000 վագոնի հասնող երկաթուղային բեռնափոխադրումների 30 տոկոսն անցկացնել իր տարածքով:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին Թուրքիայի խորհրդարանում հայտնել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն։
Նախարարը մասնավորապես նշել է, որ թուրքական գնացքները, որոնք Եվրոպայից Մարմարայով, այնուհետև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մետաքսե ճանապարհով անցնում են Չինաստան, կարևոր դեր են խաղում միջազգային առևտրում։
«Աշխատում ենք, որպեսզի հյուսիսային գիծ անունով հայտնի Չինաստանից Ռուսաստանով (Սիբիր) դեպի Եվրոպա իրականացվող երկաթուղային բեռնափոխադրումների 30 տոկոսն անցկացնենք Թուրքիայի տարածքով»։
Նախարարը նաև նշել է, որ Թուրքիան նպատակ ունի մեծացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալը՝ 2024 թվականի վերջին այն հասցնելով 3 միլիոն ուղևորի և 20 միլիոն տոննա բեռնափոխադրման։
Armeniatoday.news