Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի», ասել է նա։

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար բանագնացներ են նշանակելու։ Հերթական անգամ, հայ հանրությունը դրսից է իմանում ինչ որ գործընթացների մասին՝ Մոսկվայից՝ 3+2-ին Հայաստանի մասնակցելու, Անկարայից՝ բանագնացներ նշանակելու մասին, եւ այսպես շարունակ։ Սա ինքնին վկայում է այս գործընթացներում Հայաստանի սուբյեկտության բացակայության մասին։ Մոսկվան ու Անկարան Հայաստանի դեմ ծրագրերն իրականացնում են հետնամուտքից, իսկ ՀՀ իշխանությունը այդ հետնամուտքի մոտ կանգնած օբյեկտի վիճակում է, որն իր անունից կայացված որոշումները հանրայնացնում է պոստֆակտում։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերության մասին եւ այդ առումով դրական գնահատում Չավուշօղլուի հայտարարությունը, այսինքն՝ փորձում ցույց տալ, որ դա հենց այդ գործընթացն է։ Այդպե՞ս է արդյոք։

Կրկին Մոսկվայից հայտնի է դարձել, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին հայ-թուրքական հարաբերություններում միջնորդության համար։ Միեւնույն ժամանակ, Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում «խորհրդակցել է Ադրբեջանի հետ, և հետագայում էլ այս գործընթացում միասին են առաջ շարժվելու»: Այսինքն, հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենալու Բաքվի շահերի ու պահանջների հաշվառմամբ։

Իսկ ավելի լայն առումով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները «կարգավորվելու» են Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակի ծրագրերով ու համաձայնություններով, Հայաստանի մասնատման ու լիակատար մեկուսացման պլանի շրջանակում։ ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել, որ Արցախի հարցը, սահմանազատումը, 3+2-ը, հիմա էլ՝ հայ-թուրքական հարցը իրար հետ կապ չունեն։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն