Բժիշկները Սաակաշվիլիին թույլ են տվել նրան լիարժեք սնվել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը բուժում է ստանում երկարատև հացադուլից հետո երեքշաբթի օրվանից անցել է սովորական սննդակարգի, բժիշկները հանել են սննդային սահմանափակումները: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարության բժիշկների կոնսիլիումի անդամ Ելեն Գիորգաձեն:
«Երեքշաբթի օրվանից սկսած որևէ սահմանափակումներ չկան… Ամենակարևորն այն է, որ սպիտակուցի ցուցանիշը նորմայի սահմաններում: Աստիճանաբար հանվում են նաև ավելի վաղ նշանակված սննդային հավելումները, ինչպես օրինակ՝ կալիում, մագնիում, միկրո և մակրոէլեմենտներ: Էնդոկրինոլոգն ավարտել է իր աշխատանքը»,- ասել է Գիորգաձեն լրագրողներին:
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին դեռևս թույլ է, ինչը կապված է անշարժության և էմոցիոնալ ստրեսի հետ:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Ձերբակալման օրվանից Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որն ավարտել է 50 օր անց: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:
Tert.am