Մոսկվայում օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հնգակողմ պլատֆորմի առաջին հավաքից հետո, որին մասնակցեց նաև ՀՀ Արտաքին գործերի (ԱԳ) փոխնախարար Վահե Գևորգյանը, հայ-թուրքական կարգավորման գործընթացը գործնական փուլ է թևակոխում: Հայաստանն ու Թուրքիան պատրաստվում են դեմ առ դեմ բանակցությունների: Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան կաշխատի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Մենք փոխադարձ հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի շրջանակում»,- ասաց Չավուշօղլուն խորհրդարանում ունեցած ելույթում՝ նշելով, որ Անկարան իր քայլերը համակարգում է Ադրբեջանի հետ: ՀՀ իշխանությունների գործելակերպին համապատասխան, ՀՀ քաղաքացին Հայաստանի ապագայի վերաբերյալ  բոլոր կարևոր որոշումների  մասին տեղեկանում է թյուրքական կողմերից, և հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացը ևս բացառություն չէր. միայն Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրեց, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- նշեց Հունանյանը:

ՀՀ իշխանությունները 1 տարի պատրաստվում էին Թուրքիայի հետ գործընթացին

Գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո պատրաստվում էին Թուրքիայի հետ կարգավորման գործընթացին: Եվ այս մեկ տարվա ընթացքում իշխանությունը,  հատկապես՝  Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը, նախ տեղեկատվական դաշտում ակտիվ աշխատանք տարան, ստեղծեցին ֆոն, թե Թուրքիայից դրական ազդակներ են ստացել, հնարավորինս գեղեցիկ փաթեթավորեցին Թուրքիայի դիրքորոշումը, ապա, ըստ Էրդողանի, առաջարկեցին հանդիպել, որին հաջորդեցին ՀՀ իշխանությունների հաստատումները, թե պատրաստ են Թուրքիայի հետ խոսակցության: Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ դրական ազդակներ է տեսնում Թուրքիայի կողմից և կգնահատի այդ ազդակները ու դրական ազդակով կպատասխանի։  Վերջերս հայտնի դարձավ նաև, որ հայկական կողմը նույնիսկ դիմել է Մոսկվային միջնորդության խնդրանքով: Եվ, փաստորեն, ՌԴ միջնորդությունն արդեն կայացել է: Հարկ է նաև ընդգծել, որ չնայած ցնցումներին ու սկանդալներին, այդ թվում՝  Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ, ՀՀ իշխանությունները կարողացան գործընթացը հասցնել ներկայիս հանգրվանին:

Թուրքիայի հետպատերազմյան նախապայմանները

Ուշագրավն այն է, որ  մինչ ՀՀ իշխանությունները հասարակությանը պատրաստում էին ֆեյք ու կասկածելի «Խաղաղության դարաշրջանին»՝ հնարավորինս գեղեցիկ փաթեթավորում տալով Թուրքիայի դիրքորոշմանը և որևէ նախապայման չներկայացնելով թուրքական կողմին, Թուրքիայի իշխանությունները շարունակում էին ներկայացնել իրենց նախապայմանները հայկական կողմին:

1993թ. հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օգոստոս ամսին ներկայացրել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական տեսլականը կամ Թուրքիայի նոր նախապայմանները: Ըստ նրա, վստահություն, ներառյալ՝ հարգանք է հարկավոր միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:

Էրդողանը նաև ասել էր, որ պատմությունը չպետք է լինի թշնամանքի աղբյուր, և, որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն հանուն կայուն խաղաղության և համակեցության: «Միակողմանի մեղադրանքների փոխարեն՝ պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հիման վրա»,- նշել էր Էրդողանը:



Էրդողանն ընդգծել էր, որ նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, ու պնդել, թե Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար: «Ինչպես և համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են օգտագործել այս պատմական հնարավորությունը»,- ասել էր նա՝ խոսելով նաև ղարաբաղյան վերջին պատերազմից հետո շրջանառության մեջ դրված՝ տարածաշրջանում վեցակողմ հարթակ ստեղծելու վերաբերյալ իր առաջարկից:

Այս մի քանի պարբերությամբ Էրդողանը շարադրել էր այն, ինչ ակնկալում է ՀՀ իշխանություններից՝ Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության անվերապահ կատարում՝ այդ թվում, այսպես կոչված, Նախիջևանի միջանցք և Խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ՝ Ադրբեջանի բոլոր պահանջների իրագործմամբ: Թուրքիան, ինչպես և Ադրբեջանը, առիթը բաց չէին թողնում նաև, այսպես կոչված, Նախիջևանի, Զանգեզուրի կամ Թուրանական միջանցքին անդրադառնալ հենց միջանցքային տրամաբանությամբ, այն դեպքում, երբ անձամբ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չեն քննարկում:

Հայաստանի միակ «կիսապայմանը»

Այսպես կոչված՝ միջանցքի ձևակերպման հարցը, թերևս, այն միակ կետն է, որտեղ հայ-թուրքական մոտեցումներում հակասություններ կան: Էրդողանական մնացած բոլոր նախապայմանները, ըստ էության, բավարարված են: ՀՀ դիվանագիտությունը՝ հատկապես Արարատ Միրզոյանի ղեկավարության ներքո, որևէ պայման չի դնում ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի առջև՝ համապատասխանաբար՝ ոչ Ղարաբաղյան հակամարտության, ոչ հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում:

Նոյեմբերի վերջին ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանն անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին՝ նշել էր. «Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորել մեր հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։ Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում՝ Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»:

Այստեղ հարկ է նաև հիշեցնել ՀՀ ԱԳՆ դեկտեմբերի 9-ի հայտարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ, որով ըստ էության հաստատվեց, որ Հայաստանը որևէ պահանջ չունի Թուրքիայից: Այս հայտարարությունը կարծես տեքստային նյութ լինի այն մասին, թե ինչ է Ցեղասպանությունը, և միակ հանձնառությունը, որն ունի ՀՀ-ն, հետևյալն է՝ շարունակելու է աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին: Այսինքն՝ միջանցք ձևակերպումն այն միակ խնդիրն է, որը հայ-թուրքական հարաբերություններում տեսնում է ՀՀ իշխանությունը:

Ժիրայր Լիպարիտյանի նոր դերը

Հետաքրքրական կերպով հենց այս օրերին, երբ Հայաստանն ու Թուրքիան պատրաստվում են հատուկ ներկայացուցիչներ նշանակել բանակցությունների համար, Երևանում է 1991-97 թվականներին Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, ապա նաև՝ գլխավոր խորհրդական, 1990-ական թթ. Թուրքիայի հետ բանակցություններ վարած  Ժիրայր Լիպարիտյանը, ով օրերս ներկայացրեց իր «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գիրքը, հանդես եկավ դասախոսությամբ, պատասխանեց հարցերի, ըստ էության աջակցելով իշխանությունների հայտարարած Խաղաղության դարաշրջանի գործընթացին:



Լիպարիտյանի դիրքորոշումները ևս որևէ մեկի համար գաղտնիք չեն: Լիպարիտյանը, ով հայ-թուրքական հարաբերությունների թեմայով «Սպիտակ թուղթ»  աշխատության հեղինակն է, գտնում է, որ պետք է կենտրոնանալ այն  մտքի վրա, որ հայ ժողովրդին խաղաղություն է պետք նվիրել: Ըստ նրա, 30 տարվա ընթացքում թուրքը որևէ հայ չի սպանել, և պետք է 44-օրյա պատերազմում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին դիտարկել այլ կոնտեքստում: Հարցերից մեկին, թե հայտարարվել է խաղաղության դարաշրջան, ինչպիսի՞ իրատեսական հիմքեր ու նախադրյալներ է տեսնում դրա մեկնարկի համար, Լիպարիտյանը պատասխանել էր, որ շատ դժվար է, բայց ինքն այն կարծիքին է, որ կարելի է: Նա չի տալիս մանրամասներ, թե ինչպես է դա հնարավոր, սակայն հավատում է, որ դա հնարավոր է ներկայիս Թուրքիայի հետ:

Հնարավորինս հակիրճ ամփոփելով նրա դիրքորոշումը՝ պետք է նշել, որ Լիպարիտյանն այն մտքին է, որ Հայաստանը նախորդող մի քանի տասնամյակների ընթացքում սխալ ճանապարհով է գնացել, մաքսիմալիստական պահանջներ է դրել ու ստացել պատերազմ, իսկ ներկայումս ընդհանրապես չունի հնարավորություն որևէ հարց բարձրացնելու ոչ  Թուրքիայի, ոչ Ադրբեջանի առջև: Նա չի կարծում, թե հնարավոր է հասնել Արցախի անկախության:

Ավելին, Լիպարիտյանի խոսքով, եթե հիմա Արցախի անկախություն պահանջենք՝ ավելին ենք կորցնելու: Միակ հարցն, ըստ Լիպարիտյանի ևս, միջանցքի հարցն է, որը պետք է փորձել բանակցել: Նա  գտնում է, որ չպետք է աշխարհից մուրալ Ցեղասպանության ճանաչում, նա Ադրբեջանից ու Թուրքիայից վտանգ չի տեսնում:

«Պետք է ասենք՝ այդ մարդիկ (Թուրքիա, Ադրբեջան.- Ա.Մ.) վատն են, զիջելու բան չունե՞նք, այսպես պահենք, անդադար կռվի մեջ մտնե՞նք, թե՞ փորձենք հարցերը լուծել, վերջապես այս ժողովրդին խաղաղություն տալ: Մենք կարող ենք ընտրել այն, ինչ կցանկանանք ընտրել, Էրդողանը պաշտոնական հայտարարության մեջ ասաց, որ՝ մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ասա՞ց, թե՞ ոչ: Իսկ միջանցքի կապակցությամբ դա պաշտոնական չէ, դա քաղաքական հայտարարություն է, և, թե ի՞նչ կնշանակի միջանցքը, մենք դեռ չգիտենք, հարցը ներկայացված է՝ որպես սև և սպիտակ: Ներկայացված է, որ միջանցք պետք է տանք, ինքնիշխանությունը հանձնենք կամ միայն սահմանները պետք է բացենք»,- ասել էր Լիպարիտյանը:

Նա մասնավորապես նշել էր. «Փաստաթղթի 9-րդ կետում ասվում է, որ պետք է լինի միջանցք ռուս սահմանապահների վերահսկողության ներքո, սա հատուկ կարգավիճակ է: Մեր պարտականությունն է՝ պատրաստել այնպիսի այլընտրանքներ, որ մենք ասենք՝ այսպիսի լուծում ունենք, և մեր ինքնիշխանությունը չենք կորցնում որևէ տեղում»: Իր խոսքում նա նաև ակնարկել էր, որ շփումներ է ունեցել Հայաստանի և Արցախի իշխանությունների հետ:

Եվ այսօր հայտնի դարձավ, որ նա մասնակցել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իշխող խմբակցության՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների համար կազմակերպված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով փակ քննարկմանը: Եվ ամենամակերեսային տպավորությունն այն է, որ ՀՀ իշխանություններն ազդված են Լիպարիտյանի դիրքորոշումից, իսկ խորքայինը, որ համագործակցում են, խորհրդակցում և աշխատում Լիպարիտյանի հետ: Չի բացառվում, որ Լիպարիտյանի դերն այս գործընթացում հենց այս փուլում չի սահմանափակվում ՀՀ իշխանություններին գործընթացում միայն բարոյական աջակցությամբ, քանի որ ՀՀ իշխանությունները կարծես իրենց բոլոր քայլերով ընթանում են Լիպարիտյանի նշած ճանապարհով՝ ամեն գնով գնալով կարգավորման, չդնելով որևէ նախապայման և չխոսելով գործընթացի վտանգներից, Ադրբեջանին ու Թուրքիային ներկայացնելով՝ որպես կառուցողական երկրներ, երբ ողջ աշխարհը քննարկում է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները:

Ուշագրավ կլինի տեսնել, թե ում է ՀՀ իշխանությունը պատվիրակում զբաղվել Թուրքիայի հետ երկխոսությամբ:

Հայ-թուրքական նոր գործընթացից  դրական ակնկալիքներ չկան

Իհարկե, ավելորդ կլինի նշելը, թե հանրային ինչպիսի արձագանք է այս օրերին ստանում այս թեման հայկական մեդիափորձագիտական, համացանցային տիրույթներում: Գործընթացի հաջողության նկատմամբ անհավատներն էականորեն ավելի շատ են, քան դրա հեռանկարներով տարվածները: Եվ ուշագրավն այն է, որ չկա որևէ թուրքագետ, որն այս գործընթացն այս պարտված իշխանությունների կատարմամբ և հատկապես ողբերգական 44-օրյա պատերազմից 1 տարի անց  համարում է տեղին ու հեռանկարային գործընթաց, որը տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն է ապահովելու: Փորձագիտական շրջանակները միայն վտանգներ են տեսնում հայկական պետականության համար: Ինչո՞ւ, որովհետև հատկապես նեղ մասնագիտացում ունեցող վերլուծաբանները հետևել են վերջին տարիներին գոնե ռուս-թուրքական, թուրք-ամերիկյան բանակցություններին, Թուրքիայի քաղաքականությանը մերձավորարևելյան, միջինասիական թատերաբեմերում և Թուրքիայի ներկայիս իշխանության դիրքավորմանն աշխարհում:

ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն այսօր ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում պաշտոնավարումից հետո առաջին անգամ անդրադառնալով որոշ հարցերի, խոսել է նաև հայ-թուրքական գործընթացից, ասելով, որ շատ կարևոր է, որ մեր ԱԳՆ-ում լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները։ «Բնականաբար, բոլոր ժամանակներում եղել է ձգտում՝ առանց նախապայմանների երկխոսություն ծավալել, որը որոշ ընթացք ունեցել է, բայց բավական երկար ժամանակ որևէ երկխոսություն չկար Թուրքիայի հետ»,- նշել է նա։ Այվազյանի խոսքով՝ Անկարայից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ շարունակական պահանջներ. «Ես բավական տարակուսած եմ, թե ինչ նպատակ է հետապնդում «3+2» ֆորմատը»,- նկատել է նա:

Կան նաև Անկարայից հնչող հայկական կարծիքներ այն մասին, թե ինչո՞ւ Թուրքիայի իշխանություններն այս մեկ տարվա ընթացքում որոշում չկայացրեցին միակողմանիորեն բացել հայ-թուրքական սահմանը, որն իրենք միակողմանիորեն փակել էին 1993 թվականին Ղարաբաղյան հակամարտության պատճառով, երբ պատերազմի հետևանքով այդ նախապայմանը Թուրքիայի համար վերացել էր: Սակայն Թուրքիայի նախագահը կարծես հավելյալ նախապայմաններ առաջ քաշեց, որոնք  հայ հասարակության համար անհայտ պայմաններում  չեզոքացվեցին՝ հիմք հանդիսանալով հայ-թուրքական «կարգավորման» նոր գործընթացի համար:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն