ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Ալիևը կրկին խոսել է «խաղաղության պայմանագրի» մասին
Բրյուսելում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հանդիպումը։ Հանդիպումը կայացել է Ալիևի՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել կատարած այցի շրջանակներում։ Հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս։
Ասուլիսի ընթացքում Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունը կարևոր են բոլորի համար:
«Բոլոր մարդկանց համար խաղաղ ապագա երաշխավորելու նպատակով մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորմանն Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնք երկուսն էլ արժեքավոր գործընկերներ են ՆԱՏՕ-ի համար»,-ասել է հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Ալիևը, իր հերթին, նշել է, որ քննարկվել է Հարավային Կովկասում հետպատերազմական իրավիճակը՝ ընդգծելով, որ Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում կայունությանն ու կանխատեսելիությանն ուղղված ջանքերին:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում նոր պատերազմի ռիսկը նվազեցնելու համար լավագույն միջոցը հաղորդակցությունների բացումն է, ակտիվ երկխոսության վարումն ու նորից հարևաններ լինել սովորելը:
«Եթե հայկական կողմից բարի կամքի դրսևորում լինի, մենք կարող ենք սկսել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատել ու վերջ դնել թշնամանքին»,-ասել է Ալիևը:
Tert.am