«ՆԱՏՕ-ն որևէ մեկի կողմը չի անցնում». Ստոլտենբերգը պատասխանել է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար Հայաստանին «համոզելու» վերաբերյալ հարցին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսին, որի շրջանակում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարին:
Պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե ինչ դեր կարող է ունենալ ՆԱՏՕ-ն Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար Հայաստանին «համոզելու» հարցում, Ստոլտենբերգն ասել է, որ իրենք խորապես հավատացած են, որ կարևոր է շարունակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ երկխոսությունը շարունակվում է, կարգավորումը շարժվում է ճիշտ ուղղությամբ և կարևոր է խուսափել գործողություններից, որոնք կարող են բռնության վերսկսման առիթ դառնալ: Հարցերը պետք է կարգավորվեն դիվանագիտական ուղիներով:
ՆԱՏՕ-ն որևէ մեկի կողմը չի անցնում, որովհետև մեզ համար արժեքավոր գործընկեր է ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը: Ուստի աջակցություն ենք հայտնում դիվանագիտական ջանքերին, եռակողմ ջանքերին և խորապես աջակցում ենք հայ-ադբրջենական հարաբերությունների կարգավորմանը»,-եզրափակել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:
Tert.am