Այս տարի Թուրքիայում քանդվել է մեկ հայկական եկեղեցի, հիմնովին ոչնչացվել Վանի հայկական գերեզմանը․ ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողով
ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովն արտահերթ հայտարարության մեջ անհանգստություն է հայտնում Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վատթարացման վերաբերյալ:
Թուրքիայում երբեմն նույնիսկ COVID-19 վարակի տարածման համար հաճախ մեղադրում են հայերին եւ հրեաներին, “Ամերիկայի Ձայն”-ի հետ հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովի հանձնակատար Թոնի Փերքինզը:
“Մենք տեսնում ենք, ինչպես է Թուրքիայում գլուխ բարձրացնում հակասեմիտիզմը, հատկապես՝ համաճարակի պայմաններում: Հայերը նույնպես նույն մեղադրանքներն են ստանում, նրանց մեղադրում են COVID-19 վարակի համար”:
Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի վերաբերյալ արտահերթ հայտարարության մեջ Հանձնաժողովն ընդգծել է, որ կրոնական փոքրամասնությունների հանդեպ ճնշումները իրականացվում են, եթե ոչ Թուրքիայի իշխանությունների ուղղակի մասնակցությամբ, ապա առնվազն չեզոք վերաբերմունքի պատճառով: Ավելին, իշխանությունները Թուրքիայում անպատիժ են թողնում կրոնական փոքրամասնությունների դեմ կատարված հանցագործությունները”:
Մեկնաբանելով զեկույցը՝ Փերքինզն ընդգծել է՝ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վատթարացման համար առաջին հերթին պատասխանատու են երկրի իշխանությունները:
“Այս տարի Թուրքիայում քանդվել է մեկ հայկական եկեղեցի, հիմնովին ոչնչացվել Վանի հայկական գերեզմանը: Սրանք ահաբեկման ձեւեր են, երբ ոչնչացվում են կարեւոր կրոնական եւ մշակութային կարեւորության վայրեր”:
Թոնի Փերքինզի խոսքով, Թուրքիայում կրոնական փոքրամասնությունները, այդ թվում Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները, գնալով ավելի ու ավելի են սահմանափակվում իրենց իրավունքներում:
“Կարծում եմ, վերջին շրջանում մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է թշնամանքը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայում ավելի ուժգնանում: Եթե ավելի ուշադիր նայենք, կարող ենք տեսնել, որ այս հետագիծը բոլորովին լավ ընթացք չունի”:
Իր արտահերթ զեկույցում ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովը Պետքարտուղարությանը խորհուրդ է տալիս Թուրքիան հատուկ ցուցակում ընդգրկել, քանի որ այդ երկրի իշխանությունները հանդուրժում են կրոնական փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ կոպտագույն խախտումներ:
Lragir.am