ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի պատասխանել Զելենսկու հարցին, թե որ թվին Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը չի պատասխանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հարցին, թե որ թվին իր երկիրը կդառնա դաշինքի լիիրավ անդամ։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր առավոտյան նախագահը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, մենք միտումնավոր մնացինք, որպեսզի անցկացնենք այս հանդիպումը, դա շատ կարևոր էր։ Այնտեղ (Զելենսկու և Ստոլտենբերգի հանդիպմանը) ամեն ինչ շատ լավ էր, դրական, բայց միակ թերությունը, ճիշտն ասած, այն էր, որ մեզ չասացին այն տարին, երբ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, թեև մենք հարցրել ենք»,-ասել է Կուլեբան:
Միաժամանակ, ըստ Կուլեբայի, ուկրաինական կողմին վստահեցրել են, որ «քննարկումն այն մասին, թե երբ և ինչպես Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, պետք է տեղի ունենա բացառապես Ուկրաինայի և դաշինքի միջև»։
2008 թվականի ապրիլին Բուխարեստի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքն ընդունել է քաղաքական հայտարարություն այն մասին, որ «Ուկրաինան և Վրաստանը, ի վերջո, կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ», սակայն հրաժարվել է երկու երկրներին տրամադրել գործողությունների ծրագրեր՝ նախապատրաստվելու դաշինքին անդամակցելուն, ինչը առաջին քայլն է կազմակերպությանն անդամակցելու համար սկսելու երկրների իրավական ընթացակարգը: ՆԱՏՕ-ն չի ընդունում տարածքային չլուծված խնդիրներ ունեցող պետություններին, քանի որ նրանց անդամակցությունը կարող է ամբողջ դաշինքը ներքաշել ռազմական հակամարտության մեջ։
Tert.am