Մեր նպատակը ԵՊՀ–ի ՔՊ-ականացնելու դեմն առնելն է․ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում ԵՊՀ–ում
Մենք անձի դեմ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում, քանի որ այս տարիներին իշխանությունը բոլոր անկախ պետական կառույցները հարմարեցրել է իրեն, որ դառնան իրենց կամակատարը և այդ օրինակը կատարվում է եՊՀ–ում։ Այս մասին այսօր ԵՊՀ–ում, որտեղ իրականացում էր ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, իսկ զուգահեռ բողոքի ակցիա են իրականացնում ուսանողները, ասաց ուսանող Տարոն Մանուկյանը։
«Ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ հոգաբարձուների կազմը համապատասխանեցվի իրենց և ամեն ինչ ձեռնարկեց, որ այսօր ունենանք ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու։ Անկախ այդ անձի քաղաքական հայացքներից, այս ընտրությունները օրինական և լեգիտիմ համարել չէինք կարող, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների նախագահությունում այսօր գտնվում է մեկ անձ, որին համարում ենք պարտության սիմվոլ, դավաճանական կառավարության ներկայացուցիչներից մեկը՝ Սուրեն Պապիկյանը»,–ասաց նա։
Ուսանողը նշեց, որ իրենց պայքարը շարունակելու են և ամենամեծ վտանգը ԵՊՀ–ի քաղաքականացումն են համարում։ «Կարծում եմ, որ ամեն ինչ արվելու է, որ ուսանողի, դասախոսի ազատ խոսքը լռեցնեն։ Մեր նպատակը ԵՊՀ–ի ՔՊ-ականացնելու դեմն առնելն է»,–ասաց նա
Տարոն Մանուկյանը նշեց, որ այս իշխանության համար միայն թանկ է սեփական աթոռը՝ հայրենիքից, երկրից։ Նա հայտնեց, որ հետագայում ավելի մասշտաբային միջոցառումներ են իրականացնելու։ «Մենք նաև մասնակցել ենք ներկա կառավարության հրաժարականի պահանջի ակցիաներին»,–ասաց նա։
Tert.am