Տեւական ժամանակ է, ինչ աշխարհի առաջատար երկրները, ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ վերջինիս կազմում գտնվող առանձին երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիան, նաեւ՝ Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը կոչ են անում, միջոցներ ձեռնարկում, որպեսզի հայերն ու թուրքերը հաշտվեն եւ հաստատեն բարիդրացիական հարաբերություններ, ինչի համար, անկախ արդյունքից, պետք է շնորհակալ լինել նրանց: Bloomberg-ն օրերս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված վերջին զարգացումներին, դրանք ներկայացնելով որպես Բայդենի եւ Էրդողանի համատեղ քայլ՝ Ջո Բայդենի նախաձեռնությամբ: Լավ: 

Կարելի՞ է, արդյոք, խնդրել Ջո Բայդենին, որպեսզի նա բարիդրացիական հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ, եւ ձեռք-ձեռքի տված՝ երկու գերտերություններ վերջնականապես լուծեն հայկական հարցը: Եթե հնարավոր է ԱՄՆ-Ռուսաստան մերձեցումը, ապա նույնքանով էլ հնարավոր կլինի Հայաստան-Թուրքիա արժանապատիվ մերձեցումը: Այլապես աշխարհի ռազմական խոշոր ալյանսի նախագծած եւ սանձազերծած պատերազմի միջոցով Հայաստանին Թուրքիայի հետ նվաստացուցիչ հարաբերություններ հաստատելուն դրդելը ոչ մի լավ ապագա չի կարող ունենալ, համենայնդեպս՝ հայերի համար: 

Խնդրանք Bloomberg-ին․ զարգացրեք այս առաջարկությունը, եթե գտնեք նպատակահարմար: Ինչքա՞ն կարելի է հայի արյուն թափել: Ինչպե՞ս կարելի է հսկայական ռազմական ալյանսի ներուժն օգտագործել աշխարհի քարտեզի վրա չերեւացող, դեռեւս լիարժեք չկայացած պետության դեմ: 

Թուրքիան XIX-XX դարերում երկու միլիոնից ավելի հայերի ջարդել է, ցեղասպանել ու տիրացել Արեւմտյան Հայաստանի տարածքին: Գուցե բավարարվի՞ դրանով: Թուրքիան գուցե հանգստանա, եթե Նախիջեւանն ու Արցախը վերամիավորվեն Հայաստանին: Դա կարող է դիտվել ինչ-որ փոխհատուցում հայոց ցեղասպանության համար, ինչպես ապաշխարություն, նաեւ այն բանի հավաստում, որ այլեւս երբեք… Ու այդպես պետք է լինի աշխարհի բոլոր մասերում, որպեսզի վերջ դրվի արնաքամ պատերազմներին, հակամարտություններին:

Հատուցումը պետք է հետեւի բոլոր վայրերում, բոլոր հանցագործությունների համար: Զղջումը պետք է լինի բոլոր վայրերում բոլոր նրանց կողմից, ովքեր թույլ են տվել հանցագործություններ մարդկության հանդեպ, այլապես ներում չի կարող լինել: Սկբում զղջալ է պետք, որին կհետեւի ներումը:  Ստիպել հաստատել հարաբերություններ առանց դրա՞։ Ինչպե՞ս:

Գագիկ Վարդանյան

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր 

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն