Շատ բան է արվել մեր համայնքում, շատ անելիքներ դեռ կան առջևում. Վահագն Գևորգյան
Աբովյան համայնքի նախկին ղեկավար Վահագն Գևորգյանը գրել է.
«Սիրելի աբովյանցիներ,
այսօրվանից պաշտոնապես դադարում են Աբովյան համայնքի ղեկավարի իմ լիազորությունները։ Ցանկանում եմ խորին շնորհակալություն և երախտագիտություն հայտնել իմ համաքաղաքացիներին ու գործընկերներին այս վեց տարիների համատեղ աշխատանքի համար։ Միասին ենք մենք հաղթահարել բազում խոչընդոտներ, միասին ենք դիմակայել, պայքարել ու միշտ պատվով դուրս եկել բոլոր փորձություններից։ Այս տարիների ընթացքում խոստմանս հավատարիմ աշխատել եմ լինել յուրաքանչյուրիդ կողքին, շարունակել միասին սկսած գործը։ Օրնիբուն աշխատանքով ձգտել եմ հասնել մեր նվիրական երազանքին՝ ունենալ ամենաբարեկարգ, ամենաբարեկեցիկ, ամենահարմարավետ համայնքը Հայաստանում: Շատ բան է արվել մեր համայնքում, շատ անելիքներ դեռ կան առջևում։
Շնորհավորելով Աբովյան խոշորոցված համայնքի նորընտիր ավագանու անդամներին՝ մաղթում եմ բեղմնավոր, արգասաբեր ու արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր համայնքի ու ի բարօրություն մեր ժողովրդի։
Միշտ Ձեր՝ Վահագն Գևորգյան»:
Hraparak.am