Ի՞նչ կստանա Ադրբեջանը ԵԱՏՄ անդամակցության դիմաց
Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական վերադասավորումների ու հատկապես հետպատերազմյան եռակողմ փաստաթղթերի իրագործման փուլում, Սոչիի բարձրաստիճան եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանը կրկին օրակարգ է բերում Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության թեման: Շուրջ մեկ շաբաթ առաջ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Ղազախստանի նախկին նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը անակնկալ կերպով հիշեցրեց իր տարիներ առաջ հնչեցրած առաջարկը, նշելով, թե հնարավորություն է տեսնում Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) դիտորդի կարգավիճակով հրավերք անելու համար։
«Իրադարձություն է, որ մեր եղբայրական և հարևան Ուզբեկստանը ստացել է դիտորդ պետության կարգավիճակ ԵԱՏՄ-ում։ Մյուս կողմից, ես սրտանց ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա անհամաձայնությունից հետո։ Կարծում եմ՝ բոլորս ենք այդպես կարծում։ Ինչպես նախկինում ենք ասել, հնարավոր եմ համարում բանակցել Ադրբեջանի հետ, որ նրանք էլ դառնան դիտորդ ԵԱՏՄ-ում։ Ուզբեկստանի օրինակը պետք է ոգեշնչի, կարծում եմ՝ Ուզբեկստանը դրանից քիչ օգուտ չի ստացել»,- հայտարարել էր Նազարբաևը։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այդ ելույթին հաջորդած իր խոսքում Ղազախստանի նախկին նախագահի առաջարկին չէր արձագանքել, և նույնիսկ տարօրինակ չի լինի, եթե պաշտոնական Երևանը վետո չկիրառի այս հարցի նկատմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանը Խաղաղության դարաշրջան է բացել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
Վերադառնալով ԵԱՏՄ դիտորդության-անդամակցության թեմային՝ Նազարբաևի հրավերին հաջորդեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը:
«Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությունը, որը, ըստ էության, հանդիսանում է եվրասիական ինտեգրման գաղափարախոսը, ուշադրության արժանի է։ Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են դրա նպատակները, սկզբունքներն ու հետաքրքրված են առավել սերտ ինտեգրմանն ու առավել սերտ փոխգործակցությանը։ Առաջին հերթին մենք նկատի ունենք ԱՊՀ երկրներին, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունների հետ պահպանում են առավել սերտ կապեր՝ համագործակցության առումով»,- նշել էր Զախարովան։ Ըստ Զախարովայի՝ Ադրբեջան-ԵԱՏՄ երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կարող է նպաստել տարածաշրջանում երկկողմանի առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ «Ինչպես նաև, իհարկե, մասշտաբային տարածաշրջանային և ոչ միայն տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագրերի իրականացմանը»,- ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը` հավելելով, որ Հայաստանը կարող է խոչընդոտել ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդ երկրի կարգավիճակ ստանալուն։ Թեմայի բարձրաստիճան դիվանագիտական լոբբինգին է կցվել նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով օրերս Ադրբեջանի մայրաքաղաքում խոսել էր Եվրասիական տնտեսական միությունում Ադրբեջանին որպես դիտորդ հրավիրելու գաղափարի մասին։ Նա նշել էր, թե ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը թույլ կտա Ադրբեջանին ավելին ստանալ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունից։
Պաշտոնական Բաքուն դեռ չի արձագանքում այս հրավերներին, իսկ Երևանը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի 109-րդ հոդվածով: «Այս կամ այն պետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում, որի կայացումից առաջ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ՝ նաև նշյալ քայլի տնտեսական նպատակահարմարությունը պարզելու նպատակով: Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա»,- նշել է Հունանյանը:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո հասկանալիորեն Բաքվի քաղաքական գինը աշխարհի, տարածաշրջային տերությունների, միջազգային կազմակերպությունների համար մեծացել է, քանի որ տարածաշրջանում ուժային հավասարակշռություն է փոխվել: Բացի դրանից, նրա խոսքով, ՌԴ-ն, անկախ իր բազմակողմ քաղաքականությունից, տարածաշրջանում ունի իր օրակարգերը, որոնցում ԵԱՏՄ-ն առանցքային տեղ ունի:
«ԵԱՏՄ-ն այսօր այն քաղաքական կառույցը չէ, ինչը ցանկանում էր ստեղծել ՌԴ իշխանությունը, սակայն հավակնությունները մի կողմ դրված չեն: Եթե ՌԴ-ն մասնակցում է Էրդողանի 5-ի պրոյեկտ-պլատֆորմին, ապա Ադրբեջանը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե ինչ դեր է ունեցել պատերազմի դադարեցման, հետպատերազմյան փուլում ՌԴ-ն, ակնկալվում է, որ կարող է ՌԴ-ին ընդառաջ քայլ անել: Այսինքն՝ պատկերացումն այդպիսին է, որ ողջ կարգավորման գործընթացը, որը ներկայումս ընթանում է և ներառում է ավելի գլոբալ ենթակառուցվածքային ծրագրեր, նաև տեխնիկապես ավելի օգտակար կարող է լինել ԵԱՏՄ-ում»,- ասաց Մալաշենկոն՝ ավելացնելով, որ, իհարկե, այս ամենում կա նաև քաղաքական բաղադրիչ:
Նրա խոսքով, Ադրբեջանը, այնուամենայնիվ, նաև մրցակից է ՌԴ-ին էներգետիկ շուկայում, չնայած դա հերքում են: «Սակայն Ադրբեջանը մեծ ծրագրեր ունի դեպի Եվրոպա, բնականաբար, սա չի կարող ընդհանրապես հաշվի չառնվել ՌԴ-ի կողմից: ԵԱՏՄ անդամակցությունը ՌԴ-ի համար իր խնդիրը կդյուրացներ և ավելի վերահսկելի միջավայր կստեղծեր այս անկայուն իրավիճակում»,- ասաց Մալաշենկոն:
Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը մեզ հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պատերազմից հետո Ադրբեջանն է՛լ ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն է վարում:
Նրա խոսքով, ունենալով կայուն գործընկերներ, ինչպիսին Թուրքիան է, Պակիստանը, Իսրայելը, Ադրբեջանը համագործակցում է նաև Իրանի, Թուրքմենստանի հետ, զուգահեռաբար՝ Եվրոպայի հետ: «Իսկ ՌԴ-ն Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը դիտարկում է հետսովետական տարածք, այդ մասին նույնիսկ բարձրաստիճան հռետորաբանությունում են տարրեր և ակնարկներ նկատվում: ԵԱՏՄ-ն ՌԴ այդ հավակնությունների պտուղն էր, ուստի տարօրինակ կլիներ, որ Ադրբեջանի անդամակցության հարցը ժամանակ առ ժամանակ չդառնար ակտիվ քննարկման առարկա: Ռուսաստանը, չնայած հակամարտություններին, չի հրաժարվում իր հավակնություններից նաև Վրաստանի, Ուկրաինայի նկատմամբ, իսկ Ադրբեջանը բավականին լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, պատերազմից հետո Ադրբեջանը լավ դիրքում է, բավարարված է, և ՌԴ-ն կարծում է՝ լավագույն ժամանակն է այս հարցը բարձրացնելու, ԵԱՏՄ-ն համալրելու և ԵԱՏՄ կշիռը բարձրացնելու համար: Սակայն Ադրբեջանը չմիացման քաղաքականություն է վարում կամ նման որոշում կկայացնի հստակ քաղաքական դիվիդենտների դիմաց: Հասկանալի է նաև, որ Մոսկվան իր միջնորդությունը՝ և սահմանազատման, և ապաշրջափակման հարցերում, փորձում է «վաճառել» Բաքվին, քանի որ ավելի շատ օգուտներ Բաքուն է ստացել հետպատերազմյան փուլում, սակայն բարդ է ասել, թե այս հնարավոր պայմանավորվածությունն ինչ տեսք կարող է ունենալ: Չի բացառվում, որ մերժումն առաջացնի խնդիրներ Ադրբեջանի համար»,- ասաց վերլուծաբանը:
168.am