Մոսկվան և Անկարան չեն ընկել ծուղակը, որը պատրաստել էին Թուրքիայի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչները, երկու երկրների բարեկամությունը հնարավոր չեղավ քանդել, ռուս դիվանագետի մահվան 5-րդ տարելիցի կապակցությամբ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Հինգ տարի է անցել նենգ սպանության հետևանքով դեսպան Անդրեյ Կառլովի մահից, դեսպան Կառլովի վրա հարձակումը հարձակում էր թուրք-ռուսական բարեկամության վրա։ Սակայն Թուրքիան ու Ռուսաստանը չընկան այս ծուղակը։ Ուստի նրանք, ովքեր ցանկանում էին վնասել թուրք-ռուսական բարեկամությանը, հիասթափված են»,- ասել է թուրք նախարարը։

Նա հավելել է, որ Կառլովի վրա հարձակումը ահաբեկչություն էր:

Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից Կամչատկա՝ ճանապարհորդի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։ Հարձակումն իրականացրել է ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշը, նրան վերացրել են ուժայինները։ 

Ռուսաստանի դեսպանի սպանությունը կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել 28 կասկածյալի, այդ թվում՝ ԱՄՆ-ում բնակվող կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը հերքել է մեղադրանքները։ Մարտին Անկարայի դատարանը Կառլովի սպանության գործով վճիռ է կայացրել։ Ամբաստանյալներից հինգը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 8 անձ ստացել է երեք տարի ինը ամսից մինչև 15 տարվա ազատազրկում, ևս վեցը արդարացվել է։ Հետախուզման մեջ գտնվող ևս ինը մեղադրյալի, այդ թվում՝ Գյուլենի գործերը դատախազության պահանջով առանձնացվել են առանձին վարույթներով։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն