600 միգրանտ է գտնվում Լեհաստանի և Բելառուսի սահմանին
Բելառուսա-լեհական սահմանից ոչ հեռու գտնվող «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնում 600 միգրանտ է մնում Մերձավոր Արեւելքի երկրներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կարմիր խաչի Բելառուսի հասարակության հետախուզության եւ արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետ Իգոր Տրուսովը:
«Այսօր փախստականների համար սահմանի վրա գտնվելու 43-րդ օրն է: Այժմ նրանք գտնվում են Բելառուսա-լեհական սահմանից ոչ հեռու «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնի տեղավորման կետում: Ընդամենն այստեղ շուրջ 600 մարդ կա, որոնց ոչ փոքր մասը կազմում են կանայք ու երեխաները: Բելառուսական կողմը շարունակում է փախստականներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով»,-Sputnik Բելառուսը հաղորդել է Telegram-ում: Նաեւ շարունակվում է աշխատանքը՝ անհատական մոտեցում ցուցաբերելով փախստականների նկատմամբ:
Ըստ պահանջի նրանց տրվում են տաք իրեր, կոշիկ, հիգիենայի պարագաներ, փոքրիկներին կերակրելու շշեր, մանկական խառնուրդներ, հայտնել է Տրուսովը: Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են Բելառուսի հետ սահմանի վրա անօրինական միգրանտների թվի աճի մասին եւ Մինսկին մեղադրում միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»: Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են սահմանակից տարածք:
Նոյեմբերին Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հաղորդել է, որ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից միգրանտների մեծաթիվ խումբը, հիմնականում քրդեր, ուղեւորվել է Լեհաստանի հետ Բելառուսի սահման, որն սկզբում հաշվում էր 2 հազարից ավելի մարդ: Միգրանտները փորձեր են ձեռնարկել ճեղքել Լեհաստանի հետ սահմանը Գրոդնենի մարզի «Բրուզգի» անցակետում, բայց փորձը կասեցրել են լեհ ուժայինները` հատուկ միջոցների օգնությամբ: Միգրանտների մի մասը Բելառուսից հայրենիք է վերադառնում ինչպես տարհանման չվերթերով, այնպես էլ անհատական կարգով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Tert.am