480 միլիոն դոլար. Իրանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Լոնդոնը մինչև այժմ փոխհատուցում չի վճարել Թեհրանին
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մինչև այժմ միջոցներ չեն ձեռնարկել չմատակարարված տանկերի դիմաց Իրանին փոխհատուցում վճարելու համար՝ դա կապելով Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ընթացքի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Ղաթիբզադեն:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Լոնդոնում Իրանի դեսպան Մոհսեն Բահարվանդին, հաղորդել են, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեկտեմբերի սկզբին այց են կատարել Թեհրան, որտեղ բանակցություններ են վարել գործարքը չկատարելու համար Իրանին փոխհատուցում վճարելու շուրջ:
«Մեծ Բրիտանիան գործնականում պարտքի վճարումը կախման մեջ է դնում բանակցությունների (Վիեննայում պատժամիջոցների չեղարկման և միջուկային գործարքի վերականգնման շուրջ) ընթացքից: Քանի դեռ այդ գործընթացը շարունակվում է, Իրանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններում ոչ մի փոփոխություն չի լինի»,-Fars գործակալությունը մեջբերում է Ղաթիբզադեի խոսքը:
ՄԱԿ-ի միջազգային դատարանը 2012 թվականին Մեծ Բրիտանիային կոչ է արել՝ Իրանին 480 միլիոն դոլար վճարել որպես փոխհատուցում Անգլիայի կողմից ձախողած պարտավորագրի դիմաց, որը International Military Services (IMS) ընկերության և Իրանի միջև կնքվել Է 1974 թվականին: Այդ պայմանագրի համաձայն, ընկերությունը պարտավորված է եղել Իրանին մատակարարել ավելի քան 1000 միավոր բրիտանական տանկ, բայց 1979 թվականին Իրանում տեղի ունեցած հեղափոխության և իսլամական հոգևորականության իշխանության գալու պատճառով Լոնդոնը հրաժարվել է կատարել համաձայնագրի պայմանը:
Թեհրանը մինչև այժմ չի կարողանում ստանալ փոխհատուցումը: Անգլիայի իշխանությունները պնդում են, որ չեն կարող պարտքը վերադարձնել, քանի որ Իրանի պաշտպանության նախարարությունը գտնվում է պատժամիջոցների ներքո:
Tert.am