Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան երկու դիվանագիտական աշխատակցի՝ ի պատասխան երկու ռուս դիվանագետների արտաքսելու Գերմանիայի որոշմանը, որը կայացվել էր Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով Բեռլինի Գերագույն դատարանի դատավճռից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Գերմանիայի դեսպանին զեկուցվել է, որ Ռուսաստանում Գերմանիայի դեսպանատան երկու դիվանագիտական աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա՝ որպես համաչափ պատասխան գերմանական կառավարության վերոհիշյալ ոչ բարեկամական որոշմանը: Նաև ընդգծվել է, որ ռուսական կողմը մշտապես համարժեք կերպով կպատասխանի Բեռլինի կողմից մեր դեմ ապագայում ցանկացած հնարավոր առճակատային հարձակման»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրերս Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը Ռուսաստանի դեսպանատան երկու դիվանագետներին անցանկալի անձ է հայտարարել։ Որոշումը կայացվել Բեռլինում Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով դատավճռից հետո։ 

Նրա խոսքով՝ Խանգոշվիլիի սպանությունը խախտում է Գերմանիայի ինքնիշխանությունն ու բարդացնում է Գերմանիայի և Ռուսաստանի միջև երկխոսությունը:

Ավելի վաղ Բեռլինի բարձրագույն դատարանը Ռուսաստանի քաղաքացի Վադիմ Սոկոլովին մեղավոր էր ճանաչել սպանության համար ու դատապարտել էր ցմահ ազատազրկման:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն