Ինչ են ակնկալում Երեւանն ու Թբիլիսին
Նիկոլ Փաշինյանի` Վրաստան կատարած աշխատանքային այցի նպատակը հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստին մասնակցությունն է, սակայն ներկայիս տարածաշրջանային քաղաքական զարգացումների ընդհանուր համապատկերում այն յուրօրինակ իմաստ է ձեռք բերում։ Փորձենք մի քանի կետով ներկայացնել, թե ինչու․
• Վրաստանը Հարավային Կովկասում ամենաարեւմտյան երկիրն է, հետեւաբար, Հայաստանի համար կարող է լինել պատուհան դեպի Արեւմուտք՝ զուտ տարածաշրջանային իրողություններից եւ ներկայիս բավական բարդ եւ ոչ միանշանակ իրավիճակից ելնելով, աշխարհաքաղաքական բալանսը վերականգնելու հարցում։
• Որպես տարածաշրջանի ամենաարեւմտյան երկիր՝ Վրաստանը, բնականաբար, առաջ է մղում այն ծրագրերը, որոնք գտնվում են Արեւմուտքի հովանու ներքո։ Լինեն տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ եւ այլն, դրանք այժմ օդի ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին՝ որպես ռեալ այլընտրանք այն նախագծերին, որոնք առաջարկվում է ռուս-թուրքական տանդեմի կողմից։ Օրինակ՝ Վրաստանը չի մասնակցում ռուս-թուրքական տանդեմի առաջարկած «3+3» ձեւաչափին եւ առաջարկում է իր սեփական՝ խաղաղ հարեւանության ձեւաչափը։
• Վրաստանը Հայաստանի համար նաեւ առանցքային նշանակություն ունի՝ որպես տնտեսական գործընկեր, որը բաց է ներդրումների համար, եւ ինքն էլ կարող է ներդրումներ կատարել հետպատերազմական Հայաստանում, օգնել, որպեսզի Հայաստանը ոտքի կանգնի ու ուղղի մեջքը։
• Քաղաքական առումով էլ, ունենալով լավ հարաբերություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, Վրաստանը կարող է որոշակի կարեւոր դերակատարում ունենալ ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, այլ նաեւ՝ հայ-թուրքական՝ դրանով իսկ բալանսավորելով գործընթացը, որը Ռուսաստանն ուզում է ամբողջապես վերցնել իր հովանու ներքո, որպեսզի հետագայում հաջողության «դափնիները» կարողանա քաղաքականապես կապիտալիզացնել եւ օգտագործել սեփական շահերի համար։
Սրանք այն հիմնական ակնկալիքներն են, որոնք Հայաստանը կարող է ունենալ Վրաստանից։ Սակայն Վրաստանն էլ իր հերթին ունի ակնկալիքներ Հայաստանից։ Եվ պատահական չէ, որ եթե Նիկոլ Փաշինյանը շեշտադրում է երկկողմ առեւտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու առաջարկը, ապա Վրաստանի համար էլ կարեւոր է, որ հայ-վրացական «իդեալական հարաբերություններում» խոսքից անցում լինի գործի, եւ այն բոլոր նպատակները, որոնք դրված են, սկսեն կյանքի կոչվել՝ սկսած տրանսպորտային լոգիստիկից մինչեւ էներգետիկ նախագծեր, որոնց մասին ասել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատյա Տուրնավան։
Եվ այսպես․
• Վրաստանի համար չափազանց կարեւոր է պահպանել տարածաշրջանի հիմնական տրանզիտային երկրի կարգավիճակը։
• Վրաստանում հասկանում են, որ «3+3» ձեւաչափն առաջ մղելով կամ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն իր հովանու ներքո վերցնելով՝ Ռուսաստանն այդ ամենն այնպես է շուռ տալու, որ Վրաստանն առերեսվի նեգատիվ հետեւանքների հետ։ Ուստի կարեւոր է, որ գեոպոլիտիկ ուժային խոշոր կենտրոններ Բրյուսելի եւ Վաշինգտոնի հովանավորությունը վայելող Վրաստանը կարողանա պահպանել իր հեղինակությունը, դիրքերը, տնտեսական, տրանսպորտային առավելությունները, նաեւ բալանսավորելով ռուսական ազդեցությունը, մի շարք նախագծերի այլընտրանքներ առաջարկելով՝ հավաքել քաղաքական-դիվանագիտական դիվիդենտներ։
• Թբիլիսիում, իհարկե, հասկանում են, որ ներկայիս Հայաստանն ունի այնքան թույլ սուվերենություն, որ դժվարությամբ կկարողանա դիմակայել ռուսական ճնշումներին, եթե փորձի Մոսկվայի կողմից իր համար գծված ուղեգծից շեղվել, սակայն միաժամանակ Թբիլիսին կարծես թե պատրաստ է գործի դնել «Արեւմուտքի տրամադրած բոլոր խաղաքարտերը»՝ ստեղծված հարմար պահն օգտագործելու եւ Հայաստանում գեոպոլիտիկ բալանսը վերականգնելու համար։ Այս պայմաններում Երեւանին մնում է բանեցնել գերճկուն դիվանագիտություն եւ մանեւրելու կարողություն։ Սակայն կկարողանա՞ արդյոք այս «մեծ պիեսում իր դերը պատվով խաղալ», թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։
Hraparak.am