CNNTurk-ը հոդված է հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» մասին
Թուրքայի իշխանամերձ «Demirören» մեդիահոլդինգի կազմի մեջ մտնող «CNN Turk» լրատվակայքում հոդված է հրապարակվել «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ներկայացվում է գործարկվելիք երկաթուղու երթուղին և նշվում, թե իբր «միջանցքը» նախատեսված է եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այնուհետև շեշտվում է «միջանցքի» նշանակությունը Հայաստանի ու Թուրքիայի համար։
«Զանգեզուրի միջանցքը Հայաստանի համար ելք կապահովի իր իսկ հիմնած աշխարհաքաղաքական պաշարումից: Աշխարհաքաղաքական հնարավորություն կընձեռի (Հայաստանին-խմբ.) Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դեպքում օգտվել Կովկասում հասունացող գործընթացներից»:
Հոդվածում թվարկվում են այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են հաջորդել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Ըստ այդմ՝ կմեծանա թուրքական աշխարհի հետ Հայաստանի համագործակցությունն ու առևտուրը, հնարավոր կդառնա Միջին Ասիա անարգել գնալը, ներդրումներ կկատարվեն պատմական Մետաքսի ճանապարհի աշխուժացման համար։
Նշենք, որ պաշտոնական Երևանը քանիցս հերքել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մտադրության մասին տարատեսակ տեղեկությունները։
«Միջանցքային տրամաբանությունը ընդունելի չէ հայկական կողմի համար»,- սեպտեմբերին հայտարարել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը։
168.am