Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի էլ չանցած, Նիկոլ Փաշինյանը սկսեց հաճախակի հայտարարել, թե հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայից ստանում է դրական ազդակներ։ Թե կոնկրետ ի՞նչ դրական ազդակների մասին է խոսքը՝ մինչ օրս Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել։

Այդ համատեքստում դեկտեմբերի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անսպասելի հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան հատուկ բանագնաց է նշանակելու։ Այդ հայտարարությունից մեկ օր անց ՀՀ արտգործնախարարությունը հաստատեց Թուրքիայի արտգործնախարարի ասածները և ընդգծեց, որ Հայաստանը ևս հատուկ բանագնաց կնշանակի, և օրերս նշանակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Իսկ Թուրքիան բանագնաց նշանակել է Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։

168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար ընթացող գործընթացներին, դրանում Թուրքիայի թելադրած օրակարգին և հայկական շահից չբխող թաքնված վտանգներին, նշեց, որ չի կարող ասել, թե հայկական կողմը որքանով կկարողանա պաշտպանել հայկական շահը, բայց այդ շահի պաշտպանությունն այս գործընթացում այլընտրանք չունի։

«Բոլոր այն նախապայմանները, որոնք Թուրքիան առաջ է քաշում ու դնում Հայաստանի առջև, պետք է մի կողմ մղել՝ Հայաստանն այդ նախապայմաններով չպետք է բանակցի։ Եթե Թուրքիան այդ բանակցությունների սկզբում նախապայմաններ է դնում, նշանակում է՝ Հայաստանին որպես հավասար պետություն չի ընդունում՝ սա անընդունելի է։ Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը ողջունեցին այս բանակցությունների սկիզբը։ Խուսափել այդ բանակցություններից՝ ուղղակի անիմաստ է, որովհետև մենք չենք կարող Թուրքիայի հետ հարաբերվել՝ մեր հետևում չունենալով աջակիցներ։

Իսկ այստեղ մեր աջակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, Միացյալ Նահագները և Ֆրանսիան, որոնք մեզ լավ են վերաբերվում։ Այստեղ նաև շատ կարևոր է ընդգծել, որ Հայաստանը պետք է սեղանին դնի Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության հարցը, կա՛մ որպես նախապայման, կա՛մ որպես առաջին քայլ, քանի որ մինչև Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, մենք անընդհատ նրանից վտանգ ենք սպասելու, էլ չեմ խոսում այն մասին, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ժամանակ հանդես եկավ՝ որպես թշնամի պետություն»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Ըստ նրա, քանի որ Ռուսաստանը և Ֆրանսիան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Միացյալ Նահանգների առջև պետք է պահանջ դնեն, որպեսզի Թուրքիան բանակցությունների սկզբին ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Նրա բնորոշմամբ, սա կարևոր խնդիր է, որը պետք է Հայաստանի դիվանագիտությունը լուծի, իսկ թե կկարողանա՞, արդեն այլ հարց է։

Ինչ վերաբերում է նախկինում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, որոնք բոլորը ձախողվեցին Թուրքիայի ոչ կառուցողական քայլերի պատճառով, և հարցին՝ այս անգամ Թուրքիան մինչև վերջ կգնա՞, թե՞ ինչ-որ պահի կրկին հետ կկանգնի բանակցություններից, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երեք փորձ է արվել՝ ՀՀ նախորդ երեք նախագահների ղեկավարման օրոք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, այդ երեք փորձերն էլ ավարտվել են անհաջողությամբ, ընդ որում՝ վերջին փորձը՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, եղել է ԱՄՆ-ի միջնորդությամբ։

«Երեք փորձերն ավարտվել են առանց արդյունքի, որովհետև կարծում եմ՝ Էրդողանը, նրա կողմնակիցները կամ նախորդ սերունդները, որոնք ղեկավարել են Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել չեն ցանկանում հավասարը հավասարի հետ պայմաններում։ Նրանք իրականում ցանկանում են, որպեսզի Հայաստանն ընդունի իրենց պահանջները, միայն այս դեպքում նրանք կգնան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Հայկական կողմը պետք է բանեցնի ուժեղ դիվանագիտություն, դիվանագիտությունը պայքար է, այն պատերազմի շարունակությունն է։ Այո, Թուրքիան մեր դեմ պատերազմ հրահրեց, հանդես եկավ՝ որպես ահաբեկչությանն աջակցող և մեր թշնամի պետության դաշնակից»,- հավելեց թուրքագետը։

Միաժամանակ նա շեշտեց, որ Թուրքիայի կողմից նշանակված բանագնացը ոչ միայն փորձառու դիվանագետ է, այլև ներկայացնում է Թուրքիայի կառավարող վերնախավի շատ կարևոր խմբավորում, այսպես կոչված, «սևծովյան» խմբավորումը։ Նրա հայրը 20 տարի պատգամավոր է եղել, բարձրաստիճան զինվորական է եղել, եղբայրը Էրդողանի անձնական բժիշկն է եղել, եղբոր տղան էլ եղել է Թուրքիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախարարներից մեկը։

«Այդ մարդը հենց այնպես պատահական մարդ չէ, միայն դիվանագետ չէ։ Այս «սևծովյան» խմբավորումը Թուրքիայի վերնախավում աչքի է ընկնում նրանով, որ բոլորը միմյանց հետ շաղկապված են, այն հզոր խմբավորումներից է Թուրքիայի վերնախավում։ Այսպես կոչված, կլանային վերնախավերից է։ Այո, դժվար է լինելու, բայց պետք է փորձել ինչ-որ բան ստանալ, բայց եթե Հայաստանն ընդունեց Թուրքիայի նախապայմանները, նշանակում է՝ հրաժարվում ենք մեր ինքնության մի մասից։ Մեր ներկայիս ինքնությունը հիմնված է Հայոց ցեղասպանության ճանաչման վրա, Արցախի անկախության համար պայքարի վրա, նաև նրա, որ Կարսի պայմանագիրը ճանաչում ենք ոչ արդարացի, անօրինական։ Եթե այս կետերում մենք գնանք զիջումների, նշանակում է՝ հրաժարվում ենք մեր ինքնության մի մասից։ Այնպես որ, պետք է պայքարել, կրկնում եմ՝ դիվանագիտությունը պայքար է բանակցային սեղանի շուրջ»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն